Ստամբուլում և 3 նահանգներում բողոքի ցույցերը ճնշվել են ոստիկանության կողմից
Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ քաղաքապետների պաշտոնանկության կապակցությամբ:
Դիարբեքիր, Վան, Մարդին նահանգներում և Ստամբուլում կազմակերպված ցույցերին միջամտել են ոստիկանները, կան ձերբակալվածներ և վիրավորներ։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կազմակերպված ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած բախումների հետևանքով անվտանգության 3 աշխատակից է դանակահարվել և 16 ցուցարար ձերբակալվել։
Դիարբեքիրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանության միջամտության հետևանքով ԺԴԿ-ի երկու պատգամավոր է վիրավորվել։ ԺԴԿ-ի Բաթման պատգամավոր Ֆելեքնաս Ուջան պատմել է, որ երբ ոստիկանության աշխատակիցներին ներկայացել է որպես պատգամավոր, իրեն պատասխանել են․ «Դու իմ պատգամավորը չես» և մահակներով հարձակվել իրենց վրա։ Արդյունքում Ուջան մահակի հարված է ստացել ոտքին, իսկ մեկ այլ ԺԴԿ-ական պատգամավոր Այշե Աջարը՝ գլխին։ Պատգամավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Մարդին նահանգում ևս ոստիկանությունը միջամտել է քաղաքապետների պաշտոնանկության դեմ կազմակերպված ցույցերին։ Բախումների ժամանակ ԺԴԿ-ի Ադանայի պատգամավոր Թյուլայ Հաթիմօղուլլարը վիրավորվել և հիվանդանոց է տեղափոխվել։
Իսկ Վանում ոստիկանությունը ԺԴԿ-ի պատգամավորներին և հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներին արգելել է իրականացնել նախապես ծրագրված մամուլի ասուլիսը, որը նույնպես ուղղված էր պաշտոնաթող քաղքապետներին աջակցելուն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետները պաշտոններից հեռացվել, նրանց փոխարեն որպես հոգաբարձու նշանակվել էին համապատասխան նահանգների նահանգապետները