«Այս պահին այն, ինչ հրապարակվել է, ինձ համար այդքան էլ ոգևորող չէ, և վստահեցնում եմ, ժողովուրդը դա չի սպասում վարչապետից». Սոֆյա Հովսեփյան

«Ամուլսարը հանք չպետք է դառնա, ես կարծիքս չեմ փոխում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ հավելելով, որ դեռ Ամուլսարի՝ տարիներ առաջ կնքած պայմանագրերի ժամանակ էլ եղել է նախաձեռնող խմբի անդամ:

Նա առանձնացրեց հիմնական ռիսկերը՝ Սևանա լճին, Վայոց ձորի և Սյունիքի ջրային ավազաններին և Ջերմուկի առողջարանային համբավին սպառնացող վտանգները.

«Ինձ համար ռիսկային է. այն հանգամանքը, որ թեկուզ շատ փոքր տոկոսով, լավագույն շահագործման դեպքում անգամ, կարող է ռիսկ լինել Սևանա լճի համար, որը մեր թիվ մեկ հարստությունն է, երկրորդը՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզի ջրերը առհասարակ, երրորդը՝ Ջերմուկը, որը համարվում է առողջարանային տարածք, ապա այստեղ այլևս առողջապահական մոտեցում չեն կարողանա ցուցաբերել, ինչո՞ւ, որովհետև այն վայրը, որտեղ կա առողջարան, և այդ վայրում նույնպես լինի հանքարդյունաբերություն, սա բացարձակ հակասություն է»:

Արձագանքելով մեր հարցին, թե արդյոք համոզիչ չէի՞ն վարչապետի կողմից ներկայացված հակափաստարկները, նա պատասխանեց.

«Վարչապետի խոսքը՝ ուղղված Ամուլսարի փորձաքննությանը, ոչ թե համոզիչ չէ, այլ ինձ համար կա մեկ մոտեցում՝ ես վստահ եմ, որ այս ամբողջ ընթացքում վարչապետն արդեն շատ մասնագետների կարծիքներ կլսի և կուսումնասիրի առավելագույնը,  ինչը, համոզված կարող եմ ասել վերջին իր հարցադրումների ընթացքից և վստահ եմ՝ այդ հարցադրումների պահով արդեն ամբողջական պատկեր կունենա: Կսպասեմ վարչապետի հաջորդող խոսքին և հույս ունեմ, որ շատ շուտով այդ խոսքը կլինի, և վստահ եմ նաև՝ դրական կլինի, իսկ այս պահին այն, ինչ որ հրապարակվել է, ինձ համար այդքան էլ ոգևորող չէ, և վստահեցնում եմ, ժողովուրդը դա չի սպասում, իրենից»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս