«Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է, և հետևաբար՝ այդ կողմը չի կարող լինել արդար ու օբյեկտիվ, ու մենք դա տեսանք»․ Զարուհի Փոստանջյան

«Շատ եմ ցավում, որ սա խոսում է հենց համակարգային կոռուպցիայի մասին, սա մերժելի առաջարկ է։ Մենք հանդիսանում են ԵԽ անդամ երկիր, ու սրան անդրադարձ կկատարի նաև ԵԽ-ն իր մարմիններում, ցանկալի չէր, որ մենք հայտնվեինք այնտեղ այսպիսի կարգավիճակում՝ պետություն, որը չգիտի՝ ինչպես վարվել արդարադատության հետ, և արդարադատություն իրականացնելու փոխարեն՝ ընդհակառակը՝ ճնշումներ է բանեցնում դատարանների վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ՍԴ կազմի փոփոխության վերաբերյալ հարցին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանո՞վ սա կարող է կապված լինել Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, որովհետև ըստ նրա պաշտպանների՝ այսպես են անում, որպեսզի ՍԴ ներկայիս կազմը եզրակացություն չտա Քոչարյանի գործի վերաբերյալ։

«Դե, ակնհայտ է, եթե մենք հետևում ենք իրենց փաստաբանի դերը ստանձնած Գագիկ Ջհանգիրյանին, որ ՍԴ-ն այս կազմով չպետք է քննի այս գործը, ապա հասկանում ենք, որ իրապես սա միմյանց հետ կապ ունեցող գործընթաց է, հիմքում դա է ընկած։ Եթե ոչ, ապա այս ժամանակահատվածում ու այս ձևաչափով դա տեղի չէր ունենա»,- ասաց Փոստանջյանը։

Նա ընդգծեց՝ «Մարտի 1»-ի գործը ոչ թե պետք է նախաքննական մարմինը քններ, այլ՝ անկախ մարմին․

Կարդացեք նաև

«Եթե ցանկանում ենք, որ տեղի ունենա իրապես բազմակողմանի, օբյեկտիվ ու ամբողջական քննություն, ապա գործը պետք է քններ անկախ մարմին, ոչ թե կողմ հանդիսացող մի նախաձեռնություն, որն այս պահին ՀՔԾ-ն է։ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ի գործով կողմ է, նա առանձին միավոր չէ, և հետևաբար՝ այդ կողմը չի կարող լինել արդար ու օբյեկտիվ, ու մենք դա տեսանք։

Հասկանում ենք, որ «Մարտի 1»-ի գործն ինչպես Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում էր քնած, այնպես էլ այս պահի դրությամբ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել սպանությունների կամ հրազենային վնասվածք պատճառելու համար, այս պահին այդ մեղադրանքները, որոնք հրապարակվել են, սպանության հետ կապ չունեն ու բավականին վիճելի են։ Դրանք հաջողություն չեն բերելու բացահայտման տեսանկյունից, այստեղ մենք ունենք խնդիրներ, և շատ եմ ցավում, որ բացահայտման փոխարեն՝ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ մաքուր քաղաքական գործընթաց»։

Տեսանյութեր

Լրահոս