
ԱՄՆ-ը միջուկային համակարգեր է մշակելու տիեզերքը հետազոտելիս

Միացյալ Նահանգները տիեզերական միջուկային համակարգեր կմշակի եւ կօգտագործի տիեզերական տարածության հետազոտման ընթացքում: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան կողմից տարածված հուշագրում:
«Տիեզերական միջուկային համակարգերն անվտանգ եւ կայունորեն օգտագործելու ունակությունը կենսականորեն կարեւոր է տիեզերքում ԱՄՆ-ի գերիշխող դիրքի պահպանման եւ զարգացման համար,- նշված է փաստաթղթում:- Միացյալ Նահանգների կողմից տիեզերական միջուկային համակարգերի գործարկման համար դաշնային կառավարությունը պետք է ապահովի անվտանգության վերլուծության խիստ գործընթացներ, որոնք մշակված լինեն ռիսկի գործոնի եւ (ապարատի) արձակման թույլտվության (տրման) հաշվառմամբ»:
Սույն հուշագիրը, պարզաբանել են Սպիտակ տանը, լրացուցիչ տեղկատվություն է ներկայացնում «տիեզերական միջուկային համակարգերով տիեզերական ապարատների արձակման» ընթացակարգի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: