Բաժիններ՝

«Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է». Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Միջանկյալ նշենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի իշխանությունների որոշումով պաշտոնանկ էին արվել Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները և նրանց փոխարեն որպես ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակվել վերոհիշյալ շրջանների նահանգապետները:

Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում, անդրադառնալով բողոքի ակցիաներին, գրել է.

«Մեր կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց բռնություն է կիրառվում մեր պատգամավորների նկատմամբ:

Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին պաշտոնանկ են արել: Ժողովրդի ընտրած պատգամավորի նկատմամբ բռնություն են գործադրում: Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է…  Չլռենք»:

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետ կապի մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըն, Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Ահմեթ Թյուրքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս