«Վաղն էլ Մարսի՞ց պետք է փորձագետներ կանչենք. եթե եզրակացությունը կա, էլ ի՞նչ խոսելու բան կա». Մարկ Քալաշյանը՝ Ամուլսարի հանքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան շուրջ 1 ժամ 17 րոպե տևած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ավարտին հայտարարեց, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը:

«Եթե այս ամենի արդյունքում պարզվեց, որ Սևանա լճի հետ կապված սպառնալիքներ կան, Ջերմուկի ջրերի հետ կապված սպառնալիքներ կան և այլն, բացառված է, որ այդ հանքը շահագործվի, ուղղակի դնելու ենք փակենք և չենք քննարկելու, որովհետև սա մեր ազգային անվտանգության հարցն է: Բայց մեր պետության, ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարության շահերից է բխում, որ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Մենք պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք»,- ասաց վարչապետը:

Սակայն ակտիվիստները վարչապետի հայտարարությունից հետո էլ շարունակում են պնդել, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Տարակարծություններ կան նաև իշխող ուժի թիմում: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կներեք, բայց ինձ չհամոզեց մեր Վարչապետը: Ամուլսարը սար էլ պիտի մնա»: Նմանատիպ հայտարարություններ և ֆեյսբուքյան գրառումներ են կատարում նաև ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ։

168.am-ը թեմայի հետ կապված զրուցել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Մարկ Քալաշյանի հետ: Մեր զրուցակիցը չեզոք դիրքորոշում ունի Ամուլսարի հանքի շահագործման հարցում, քանի որ նշում է՝ հիդրոերկրաբանությունն իր ոլորտը չէ, բայց ըստ նրա՝ եթե կա փորձագիտական եզրակացություն, ապա քննարկելու ոչինչ չկա:

«Բնապահպանությունն էլ պետք է սահմանափակում ունենա. եթե մարդիկ պնդել են, որ անկախ փորձաքննություն լինի, դա եղել է, արդյունքները հայտնի են: Հիմա վաղն էլ Մարսի՞ց պետք է փորձագետներ կանչենք: Եթե դուք ոչ մեկին չեք հավատում, էլ ի՞նչ իմաստ ունի մոտ 400 հազար դոլար փող ծախսել Հայաստանի բյուջեից»,- ասաց Մարկ Քալաշյանը:

Կենսաբազմազանության առումով որևէ լուրջ վտանգ Ամուլսարում մասնագետը չի տեսնում.

«Ինչ վերաբերում է ջրերկրաբանական խնդիրներին, ապա ես դրա մասնագետը չեմ, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ: Ես ոչ կողմ եմ Ամուլսարին, ոչ դեմ՝ հատկապես հիդրոերկրաբանական տեսակետից, որովհետև, ինչպես նշեցի՝ մասնագետ չեմ և չեմ կարող որևէ բան ասել, բայց եթե փորձաքննությունը կայացել է, նրանք մասնագետ են ու եզրակացություն են տվել:

Համոզված չեմ, որ դա լրիվ դրական է, պահանջներ են դրվել, որ ընկերությունն ինչ-որ փոփոխություններ անի: Իսկ վստահել-չվստահելն արդեն ծիծաղելի է դառնում: Երբ փորձագետները կրկնում են բնապահպանների արգումենտները՝ այդ դեպքում նրանց վստահում են, իսկ եթե չի համընկնում, ուրեմն չեն վստահում: Կարգն այդպես չէ: Ես չեմ համարում, որ Ամուլսարն անպայման պետք է աշխատի կամ չաշխատի, սակայն, եթե եզրակացությունը կա, էլ ի՞նչ խոսելու բան կա»:

Տեսանյութեր

Լրահոս