Բաժիններ՝

«Պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք». Նիկոլ Փաշինյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Ամուլսարի հանքը կփակվի, եթե պարզվի, որ այն վնաս է հասցնում Սևանա լճին, Ջերմուկի ջրերին և բնության այլ տարրերին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այս ամենի արդյունքում պարզվեց, որ Սևանա լճի հետ կապված սպառնալիքներ կան, Ջերմուկի ջրերի հետ կապված սպառնալիքներ կան և այլն, բացառված է, որ այդ հանքը շահագործվի, ուղղակի դնելու ենք փակենք և չենք քննարկելու, որովհետև սա մեր ազգային անվտանգության հարցն է: Բայց մեր պետության, ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարության շահերից է բխում, որ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Մենք պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում մեջբերեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հայտարարությունը, որ Ամուլսարի շահագործումը չի վնասելու Սևանա լճին, Ջերմուկի ջրերին, Դարբ, Արփի և Որոտան գետերին:

Դեռևս 2014 թվականին ՀՀ նախկին կառավարության կողմից Լիդիան Արմենիա ԲԲԸ-ին տրվել է Ամուլսարի ծրագրի Ընդերքօգտագործման իրավունքը և Ծրագրի շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: Ընկերությունը մեծ ծավալով սկսել էր իրականացնել հանքի շահագործման համար համապատասխան շինարարական աշխատանքներ և 2018 թվականին արդեն իսկ հանքի շահագործման աշխատանքների 80 տոկոսն իրականացված էին։ Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը եղել է նոր կառավարության ուշադրության կենտրոնում և բնապահպանների, փորձագետների հնչեցված մտահոգություններն Ամուլսարի բնապահպանական աղետ հանդիսանալու վերաբերյալ հանգեցրեցին նրան, որ 2018 թվականի հուլիսին քննչական կոմիտեում հարուցվեց քրեական գործ Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը հոդվածով։ Քրեական գործի շրջանակներում փորձաքննությունն իրականացրել է ELARD ընկերությունը TRC ընկերության հետ համատեղ, որի համար կառավարությունը հատկացրել էր 396 900 դոլար։

Կառավարությունը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել է ELARD ընկերության կողմից արված փորձաքննության արդյունքները։

Հայտնի է, որ կառավարությունը մեծապես կարևորում է ընկերության այն փորձագիտական եզրահանգումները, ըստ որի՝

  • Ծրագրի տարածքի և Ջերմուկի հանքային ջրերի միջև ստորերկրյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն և անգամ երկրաշարժի դեպքում՝ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը Ջերմուկ չեն հասնի.
  • Երկրաշարժի դեպքում՝ դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորերկրյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամասը, որը ազդեցություն կունենա Կեչուտի ջրամբարի վրա՝ Կեչուտ-Սևան թունելի միջոցով ազդելով նաև Սևանա լճի վրա: Սակայն ազդեցություն կրած ջրերի պոտենցիալ միախառնումը Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիաների նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ՝ նախ ջրամբարներում հերթականությամբ նոսրանալու և ապա Սևանա լճի չափսերի պատճառով:
  • ստեղծված են 5 հիդրոերկրաբանական միավորներ, որոնք պատշաճ կերպով ապահովում են, որպեսզի ստորերկրյա ջրերի ուսումնասիրության տարածքից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Արփա, Դարբ, Որոտան գետերի վրա ստեղծված շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, ընդհանուր առմամբ, բավարար են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս