«Ֆուտբոլը վայելելու փոխարեն՝ ես կարոտում եմ այն». Մոուրինիոն արտասվել է
Մարզիչ Ժոզե Մոուրինիոն արցունքներն աչքերին պատմել է, որ կարոտում է աշխատանքը ֆուտբոլում:
Նա ազատվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից 2018 թվականի դեկտեմբերի18-ին և այդ պահից ի վեր գործազուրկ է:
Վերջերս հայտարարվեց, որ պորտուգալացին Պրեմիեր լիգայի խաղերի համար Sky Sports-ի փորձագետ է դարձել:
«Ես… պարզապես հաճույք ստացա: Երբ ես եկա պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ինչ-որ բան կատարվեց գլխումս, և ես մտածեցի, որ հիմա ամեն ինչ լուրջ է, սրանք կարևոր բաներ են:
Մինչև վերջերս ամեն ինչ լուրջ էր: Բայց հիմա ամեն ինչ կանգ է առել, և ֆուտբոլը վայելելու փոխարեն՝ ես կարոտում եմ այն»,- ասել է Մոուրինիոն և արտասվել:
«Իրականում սա առաջին անգամն է, երբ ես ունեմ ժամանակ մտածելու համար: Վերջին 20 տարվա ընթացքում սա առաջին անգամն է, որ ես հուլիսի վերջին հանգստանում եմ:
Իմ ընկերներն ինձ ասում են՝ վայելիր ժամանակը, վայելիր հուլիսը, վայելիր օգոստոսը, վայելիր այն բաները, որոնք քեզ հետ դեռ չեն պատահել: Անկեղծ ասած, ես չեմ կարող վայելել: Ես այնքան ուրախ չեմ, որ վայելեմ:
Ես չգիտեմ: Ազնվորեն, ես չգիտեմ: Ես գիտեմ միայն մեկ բան, որ ես չպետք է զգացմունքներիս վստահեմ: Ես պետք է իմաստուն և իրատես լինեմ:
Ես չեմ կարող ընտրություն կատարել միայն աշխատանքի վերադառնալու ցանկության հիման վրա, իսկ ես շատ եմ ուզում դա: Մենք պետք է ընտրենք ճիշտ նախագիծ, ճիշտ մոտիվացիա:
Ես ուզում եմ ավելի ուժեղ լինել, քան երբևէ: Ես շատ բան եմ սովորել, շատ օգուտներ եմ քաղել իմ օգնականների հետ, որպեսզի մենք լինենք լավ թիմ, կրկին պատրաստ լինենք մեծ բաների»,- ասել է Մոուրինիոն:
Այս տեսանյութին է արձագանքել ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը, ով 2014/15 թվականներին խաղացել է Մոուրինիոյի գլխավորությամբ:
«Լեգենդը: Մենք էլ ենք կարոտում ձեզ: Շուտ վերադարձեք, պարոն»,- գրել է Ֆաբրեգասը:
Սիրարփի Աղաբաբյան