
«Դե Բրույնեն անում է այն, ինչ կարողանում էին Բեքհեմը և Ջերարդը». Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի խաղի մասին:
«Ինձ դուր է գալիս դիտել տակտիկական խաղեր, հավասար խաղեր: Ֆուտբոլիստին նայելով՝ ես երբեք այդքան ոգևորված չեմ եղել, բայց դե Բրույնեն ինձ հիացնում է: Նա այն խաղացողներից է, որն իսկապես լավն է, համաշխարհային կարգի ֆուտբոլիստ: Շաբաթ օրը նրա խաղի առաջին ժամը զարմանահրաշ էր («Սիթի» – «Տոտենհեմ», 2:2):
Նա միշտ գերազանց տեղակայվում է դաշտում: Դեյվիդ Բեքհեմը և Սթիվեն Ջերարդը փոխանցումների երկու լավագույն վարպետներն են, որոնց ես տեսել եմ Պրեմիեր լիգայում, աջ եզրում: Քևինը համապատասխանում է նրանց որակի առումով, և դա բարձր գովեստ է: Նա կարող է անել այն ամենը, ինչ և նրանք:
Դե Բրույնեն ցուցադրում է որակի նույն մակարդակը և ճշգրտությունն աջ եզրում, որը ցույց էր տալիս Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես երկար ժամանակ նման բան չեմ տեսել Պրեմիեր լիգայում:
Կարծում եմ՝ հիմա հասունանում է այն պահը, երբ այլևս չի կարելի դե Բրույնեին բաց թողնել աջ եզրում, ինչպես ժամանակին Բեքհեմին: Նա շատ լավն է այդ դիրքում»,- Նևիլին է մեջբերում Sky Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը