«Տարայով այս կոյուղաջուրը կփոխանցենք քաղաքապետին, որպեսզի նա վայելի այս գարշահոտությունը». Սոնա Աղեկյանը կրկին քաղաքապետարանի մոտ է
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը դեռևս նախորդ շաբաթ բարձրաձայնել էր, որ Երևանի Աղյուսագործների փողոցում մոտավորապես 4-5 ընտանիք զրկված է կոյուղագծերից, սակայն քաղաքային իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել խնդրին։ Ուստի այսօր Սոնա Աղեկյանը նշված տարածքի կոյուղաջրից լցրեց տարայի մեջ և տարավ քաղաքապետարան՝փորձելով այսպես քաղաքապետի ուշադրությունը սևեռել խնդրի վրա։
«Տարայով այս կոյուղաջուրը կփոխանցենք քաղաքապետին, որպեսզի նա վայելի այս գարշահոտությունը, մենք բազմիցս կոչ արեցինք, խնդրեցինք, որպեսզի գար և տեղում խնդրին ծանոթանար։ Նա այդպես էր խոստացել քվե աղերսելիս, ասել էր, որ ականջալուր է լինելու երևանցիների բոլոր խնդիրներին»,- շեշտեց նա։
Չնայած Սոնա Աղեկյանը մտել էր քաղաքապետարանի շենք, սակայն նրան որևէ մեկը չդիմավորեց։
Իսկ արդեն դրսում նրան մոտեցավ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, որը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ նշված հասցեում գործողություններ են կատարվում՝ խնդիրը լուծելու համար։ Սակայն Ս. Աղեկյանը հակադարձեց, որ այնտեղից է գալիս, և որևէ գործողություն տեղի չի ունենում։
Քաղաքապետարանի աշխատակիցը հրաժարվեց տարայով կոյուղաջուրը քաղաքապետին փոխանցել, Սոնա Աղեկյանն էլ պնդեց, որ կսպասի այնքան, մինչև այն փոխանցեն քաղաքապետին։
Մի քանի րոպե սպասելուց հետո քաղաքապետարանի նույն աշխատակիցը կրկին վերադարձավ և նշեց, որ կոմունալ վարչությունից փոխանցել են, որ խնդիրը լուծելու համար քայլեր են ձեռնարկվում։
Սոնա Աղեկյանն արձանագրեց, որ այսօր ականատես են լինում, որ 81 տոկոս քվե ստացած քաղաքապետը չի կատարում իր լիազորությունները։
Զվարթ Խաչատրյան