Բաժիններ՝

Ոստիկանություն բերված 3 անձ, այդ թվում՝ ԲԿ տեղափոխվածը, ոստիկանների գործողությունների վերաբերյալ հաղորդում են ներկայացրել. ՄԻՊ

Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 7 ահազանգ այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն անհամաչափ ուժ են գործադրել ակցիաների մասնակիցների նկատմամբ ու նրանցից մի քանիսին բերման են ենթարկել Ոստիկանության բաժին: Ահազանգերից մեկի համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկն ունի բժշկական օգնության կարիք:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ անմիջապես արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին: Բաժնում գտնվելու ընթացքում պարզվել է, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 6 մասնակից, որոնցից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ուստի, Պաշտպանի որոշմամբ` մեկ այլ խումբ էլ անմիջապես մեկնել է բժշկական կենտրոն:

Ոստիկանության բաժնում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր մասնակիցների հետ: Վերջիններս պնդել են, որ Ոստիկանության ծառայողներն իրենց չեն ներկայացրել ազատությունից զրկելու պատճառները և բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ:

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են բերման ենթարկված աձանց հաշվառման մատյանը և արձանագրել լրացման կարգի խախտումներ: Նաև արձանագրվել է, որ Ոստիկանության բաժնում գտնվողներն ազատ են արձակվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով սահմանված ժամկետում: Անազատության մեջ գտնվող անձանց պարզաբանել են նրանց իրավունքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգը և Պաշտպանի կողմից բողոքի քննարկման ընթացակարգը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն մեկնած արագ արձագանքման խումբն առանձնազրույց է ունեցել բուժկենտրոն տեղափոխված անձի հետ: Արձանագրվել է նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական անձնակազմի գնահատականը: Առանձնազրույցի ընթացքում բժշկական հաստատություն տեղափոխված ակցիայի մասնակիցը տեղեկացրել է, որ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողները կիրառել են բռնություն, այդ թվում՝ հարվածել են դեմքին և ոտքերին, ինչի պատճառով վատթարացել է իր առողջական վիճակը:

Պաշտպանի ներկայացուցիչները նրա հետ առանձնազրույց են ունեցել նաև Ոստիկանության բաժնում, ով ևս մեկ անգամ հաստատել է այդ տեղեկությունը:

Այցի ընթացքում պարզվել է նաև, որ Ոստիկանության բաժին բերված երեք անձ, այդ թվում՝ բուժկենտրոն տեղափոխվածը, Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ ներկայացրել են հանցագործության մասին հաղորդում:

Վերը նշված այցերի արդյունքները սահմանված կարգով կամփոփվեն և համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և ՀՀ դատախազություն:

Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրները շարունակելու են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս