Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն. ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին փոխանցեցին խորհրդակցության սղագրությունը.

ՍՂԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ հիմա այդպիսի իրավիճակի մեջ չե՞նք, եթե «Էլարդ»-ն ասում է՝ այս, այս թերությունները կան, «Լիդիան»-ը հերքում է: Այստեղ հաջորդ հարցն է ծագում՝ այստեղ «Էլարդ»-ի վստահելիության հարց առաջանո՞ւմ է, թե՞ չի առաջանում, թե՞ դա նորմալ է այդ պրոցեսներում:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան- Պարոն վարչապետ, դրանք զուտ գիտական վեճեր են՝ կապված մեթոդաբանության, ստանդարտների, մոտեցումների հետ: Եվ, ըստ էության, մեր կարծիքով՝ մենք շատ ճիշտ ենք արել, որ «Լիդիան»-ին ներգրավել ենք հենց այդ փուլում փորձաքննությանը, որովհետև իրենք հիմնավոր հակադարձում էին «Էլարդ»-ի տեսակետներին: Այստեղ մեկ այլ հարց է՝ «Էլարդ»-ը համաձայնո՞ւմ է դրան, թե՞ ոչ, «Լիդիանը» դրան համաձայնո՞ւմ է, թե՞ չի համաձայնում: Իմ կարծիքով՝ այստեղ կարևորն այն է, որ, ի վերջո, փորձագիտական խումբը հանգում է այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, մեղմման լրացուցիչ միջոցների, միջոցառումների կիրառման պարագայում այդ բոլոր վտանգները չեզոքացվում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ կապ չունի ելակետային տվյալների ի՞նչ հակասություններ կան, եզրակացության փուլում նրանք, ըստ էության, գալիս են համաձայնության՝ և՛ «Լիդիան»-ը, և՛ «Էլարդ»-ը:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Գալիս են համաձայնության՝ արդյունքի և հետևանքի վերաբերյալ: Գալիս են հետևության, որ երբեմն «Էլարդ»-ը ասում է, որ, այո, ողջամիտ, ճիշտ է, ելակետային տվյալները սխալ է, մոդելավորումը սխալ է, բայց մեղմման միջոցը ողջամիտ է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց «Լիդիան»-ն այդ պնդումներին հակազդո՞ւմ է, ինչ-որ հակափաստարկ կա՞: Ինքն ընդունում է, որ սխա՞լ է, թե՞ չի ընդունում, որ սխալ է:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Ինքը հիմնավորում է՝ ինչո՞ւ է, օրինակ,առաջնորդվել Պակերի մեթոդով, ոչ թե մեկ այլի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ի վերջո, այդ խոսակցությունն եմ ուզում հասկանալ: Եթե խոսքը գնում է, որ մոդելավորումը սխալ է, այդտեղ խոսակցությունը հանգում է մեթոդաբանությանը՝ այս ուղեցույցո՞վ էր պետք առաջնորդվել, թե՞ այն ուղեցույցով: Նկատի ունեմ՝ այդ 2 ուղեցույցներն էլ լեգիտի՞մ են: Հիմա ասենք, ենթադրենք, կարո՞ղ է այն ուղեցույցը, որով «Լիդիան»-ն առաջնորդվել է, գոյություն չունեցող ուղեցույց է: Մասնագիտական ստուգվե՞լ է դրանց լեգիտիմությունն այս պահին:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, մասնագետների կարծիքների միջոցով, այո: Եվ այստեղ մեզ մոտ խնդիրը հենց այն է, պարոն վարչապետ, որ բախվում է երկու գիտական թեզ՝ տարբեր տեսակետներով, բայց որը, ըստ էության, հանգեցնում է մի արդյունքի: Հիմա «Էլարդ»-ն ասում է՝ ելակետային տվյալները բավարար չեն, բայց մեղմման միջոցը ողջամիտ է: Կամ մի դեպքում ասում է՝ քարտեզավորումը բավարար չէ, բայց եթե այս միջոցառումներն իրականացնեն՝ վտանգ չկա: Նրանք էլ ասում են՝ այո, մենք պարտավորվել ենք նաև այս միջոցներն իրականացնել, պարտավորվում ենք, եթե, օրինակ, պասիվ մաքրման համակարգն իրեն չարդարացնի, փոխարինենք այն ակտիվ մաքրման համակարգով, բայց սկզբում թողեք պասիվ համակարգը կիրառենք: Իհարկե, եթե տեսնենք խնդիր կա, մենք այն կփոխարինենք ակտիվ համակարգով: Այսպիսի նեղ մասնագիտական, գիտական, տեսական վեճ է, բայց արդյունքն ընդունելի է և համատեղ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փաստորեն այս մեթոդը վերաբերում է, ես չեմ ուզում բոլոր կետերին հատ-հատ անդրադառնալ: Նկատի ունեմ այս կարգի աշխատանք «Էլարդ»-ի բոլոր առարկությունների հետ կապված արվել է: Այսինքն՝ որովհետև մի կետին մասին չէ խոսքը: Այստեղ սողունների մասին կա, թռչունների մասին կա, արջերի մասին կա առանձին: Նկատի ունեմ ամեն ինչի վերաբերյալ այս աշխատանքն արվել է: Ոչ թե ընդհանուր, այլ կետ-կետ մենք սրանով քրեական գործի մեջ գնացել ենք, ճի՞շտ եմ հասկանում:

Հիմա հաջորդ սկզբունքային հարցը, հետևյալ կետը՝ զեկույցում պասիվ համակարգի բաղադրիչները նկարագրելիս անդրադարձ է կատարվում նաև այն հանգամանքին, որ GRE-ին 2017 թ. տվել է մաքրման համակարգի նույնատիպ հերթականությամբ՝ բացառությամբ նրա, որ առաջին աերոբմաքրման տարածքը փոխարինվել է անթթվային, կրաքարային դրենաժով: Հիմա այս մի քիչ բարդ հասկանալի նախադասության մեջ ի՞նչն է կարևոր, կարևոր է հետևյալ հանգամանքը, որ ՇՄԱԳ-ի ստացումից հետո և այսպիսի դրվագներ կան, որ ինչ-որ բան կամ փոխարինվել է կամ պատրաստվում է փոխարինվել: Հիմա այստեղ կարևոր գնահատման հարցը հետևյալն է. այս ամեն ինչը չի՞ նշանակում արդյոք կամ նշանակո՞ւմ է արդոք, կամ վերլուծվե՞լ է արդյոք, որ սա ենթադրում է, որ «Լիդիան»-ը պետք է նոր ՇՄԱԳ անցի: Այս հարցի գնահատականը տրվե՞լ է, թե՞ չի տրվել:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Պարոն վարչապետ, դրա մասին մենք իմացել ենք բոլորովին վերջերս, բայց, այնուամենայնիվ, վերլուծություններ կատարվել են, և մեր գնահատմամբ, «Լիդիան»-ը փոփոխություններ կատարել է կազմակերպչական ոլորտում՝ ոչ թե մեկ այլ ուղղություն, վեկտոր է հաղորդում իր գործողություններին, այլ ընդամենը կազմակերպչական բնույթի փոփոխություններ է նախատեսել կատարելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս հարցի վերաբերյալ ո՞վ ինֆորմացիա և ասելիք ունի: Խնդրեմ: Այսինքն՝ սկզբունքը հետևյալն է. անկախ նրանից՝ ինչքանո՞վ է լավ կամ վատ մեր օրենսդրությունը, բայց մեր այսօրվա օրենսդրությունը նախատեսում է, որ ամեն կարգի նախագծային փոփոխությունը պետք է ենթարկվի նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատմանը: Հիմա, մենք այս հարցի վերաբերյալ ունե՞նք եզրակացություն, թե՞ չունենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, երկու հիմնական հարցերին էր վերաբերում, մեկը հենց այդ պասիվ կայանի կրաքարով փոխարինմանը և մյուսը՝ ընդհանուր մեղմման միջոցներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ կներեք, քանի որ պարոն Գրիգորյանն անընդհատ դա շեշտում է, որ ինչքանով են այս կարգի փոփոխությունները տեղավորվում առկա ՇՄԱԳ-ի մեջ, ելնելով նրանից, որ «Լիդիան»-ն անընդհատ գրում է, որ ճկուն քաղաքականություն, ճկուն քաղաքականություն, այսինքն՝ սա էլ հաշվի առնենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, եթե հենց ՇՄԱԳ-ից խոսենք, հենց ՇՄԱԳ-ում գրեթե ամեն ինչը նախատեսված է եղել, այսինքն՝ նույնիսկ պասիվից ակտիվ կայան փոխակերպումը, եթե չեմ սխալվում, այսինքն՝ այդպիսի բան գրված է, որ եթե այս մի բանը չի աշխատում, այս մի բանով ենք փորձելու անել: Այնուամենայնիվ, զուտ իրավական տեսանկյունից նախագծում փոփոխությունների համար 2 տարբերակ կա դա ֆիքսելու. առաջին տարբերակը, երբ Բնապահպանական տեսչական մարմինն այցելում է ստուգմամբ, և նախագծում փոփոխություններ է ֆիքսում: 2018 թ. Բնապահպանական տեսչական մարմինն այցելել է և նախագծում փոփոխություններ չի ֆիքսել: Երկրորդը՝ երբ ինքն ընկերությունն է հայտարարում դրա մասին, որից հետևում է նոր գործընթաց՝ ՇՄԱԳ: Բայց, ընդհանուր առմամբ, կոնկրետ այդ կրաքարի վերաբերյալ, դա էլ դեռ գնահատման խնդիր ունի, արդյոք դա նախագծի փոփոխությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե թույլ տաք, ավելի մանրամասն իմ օգնականն այս հարցով զբաղվել է, և մանավանդ մեղմման միջոցների մասով կկարողանա մեզ հստակ օգնել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Հարգելի պարոն վարչապետ, եթե մենք առաջնորդվենք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի ձևակերպումներով, այդտեղ նախատեսվող գործողություն հասկացությունը սահմանվում է, որը ներառում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ նախատեսվող գործողություն, այսինքն՝ այն, ինչը պետք է ենթարկվի փորձաքննության, սահմանում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում, փակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ ցանկը համապարփա՞կ է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ ուրիշ դեպք մենք չունենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Ոչ: Սպառիչ թվարկման է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Կազմակերչական բնույթի փոփոխություններ, որ բովանդակային փոփոխության չեն հանգեցնում այս նախատեսվող գործունեություն հասկացության մեջ չկան, բնականաբար, այսինքն՝ եթե մենք արդեն իսկ գնահատված ՇՄԱԳ-ի փաստաթղթերում ունենք նախատեսված անցում պասիվից ակտիվի կամ պասիվի որոշ տեսակների, որովհետև ես, ինչպես հասկանում եմ, անաերոբ մաքրողը և կրաքարային դրենաժորը մեկը մյուսին փոխարինող ինչ-որ լուծումներ են նույն համակարգի մեջ, ապա այդ դեպքում մենք նոր փորձաքննության անհրաժեշտություն չենք ունենում: Հետևաբար, եթե ՇՄԱԳ-ում այդ ամենը կարգավորված է, և հնարավորություն նախատեսվել է և արդեն իսկ գնահատվել է, որ անհրաժեշտության դեպքում «Լիդիան»-ն իր գործունեության ընթացքում կարող է անցնել մեկից մյուսին, հետևաբար, մենք կարող ենք գնահատել, որ դա արդեն փորձաքննության ենթարկված և ՇՄԱԳ-ում ներառված կարգավորում է: Իսկ հետագա տեխնիկական փոփոխությունների կամ մնացած այլ գործունեության հետ կապված, ինչպես արդեն նշվեց, կամ տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կարող է վերհանվել, կամ եթե ձեռնարկողն ինքն է այդ մասին հայտարարում և նախաձեռնում է փորձաքննության անցկացում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որ խնդրեմ, նորից կթվարկե՞ք ՇՄԱԳ անցնելու դեպքերը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ուսումնասիրություն, արտադրություն, կառուցում, շահագործում, վերակառուցում, ընդլայնում, տեխնիկական և տեխնոլոգիական վերազինում, վերապրոֆիլավորում, կոնսերվացում, տեղափոխում, լուծարում և փակում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ենթադրենք, անկախ նրանից, սա ՇՄԱԳ-ի մեջ գնահատվա՞ծ է, թե՞ ոչ, իմ մեջբերած այս դրվագը կարո՞ղ է գնահատվել որպես տեխնոլոգիական վերազինում, կարո՞ղ է գնահատվել այդպես:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյան – Ես չեմ կարող պատասխանել, որովհետև դա ավելի մասնագիտական գնահատականի ենթակա հարցադրում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրեմ՝ ո՞վ կարող է պատասխանել:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Ուրեմն բացի «նախատեսվող գործունեություն» ձևակերպումից, օրենքում կա հոդված 21, որտեղ ասվում է՝ որ դեպքերում է փորձագիտական եզրակացությունը ուժը կորցրած ճանաչվում.

Երբ գործունեությունն իրականացնում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և եզրակացության պահանջների շեղումներով, որ Տեսչությունը պետք է երևի դա էլ իրականացնի և ուսումնասիրի:
Փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերում կատարվել են շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություն ունեցող փոփոխություններ՝ առանց լիազոր մարմին այդ մասին տեղեկացնելու:
Ի հայտ են եկել բնապահպանական նոր գործոններ, և ընդունվել է բնապահպանական նոր օրենսդրություն:
4-5 դեպքերում է, որ հնարավոր է՝ փորձաքննության եզրակացությունն ուժը կորցած ճանաչվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդրում եմ այդ կետերը նորից մի հատ էլ անցնենք և հերթով արձանագրենք:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան – Առաջին կետը, երբ գործունեություն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և եզրակացության պահանջների շեղումներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք որևէ տվյալ ունե՞նք այս պահի դրությամբ: Կամ քրեական գործում նման տվյալ առկա՞ է, որ այսպիսի խնդիր կա:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Չունենք, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ մասը նայել ե՞ք:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, նայել ենք:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Ըստ էության՝ դա քրեական գործի նախաքննության առարկայի մեջ չի մտել, բայց ամեն դեպքում ուսումնասիրություն կատարվել է, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մինչև Ձեր հրապարակային հայտարարությունները այդ թեմային Դուք անդրադարձե՞լ եք, նայե՞լ եք և ի՞նչ եզրակացության եք եկել:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – ՇՄԱԳ-ի փոփոխությունները՝ պասիվ մաքրման համակարգից անցումը ակտիվ մաքրման համակարգի, ինչպես նաև տարբեր բաների կիրառումը չի առաջացնում ՇՄԱԳ-ի նախագծային նոր փոփոխություններ, որովհետև ՇՄԱԳ-ն, հանդիսանալով հիմնարար փաստաթուղթ, եթե արդեն իսկ նախատեսվում է միջոցառումների ցանկ, դա արդեն բավարար է, որպեսզի նոր ձևակերպումներ, դիզայնի փոփոխություներ չլինեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ հիմա Ձեր եզրակացությունն այն է, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք քրեական գործի, համենայնդեպս այս նյութերում, տեսնում ենք, արդեն իսկ գոյություն ունեցող ՇՄԱԳ-ի շրջանակո՞ւմ է:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Ճիշտ այդպես, պարոն վարչապետ: Ըստ էության, որովհետև եթե ՇՄԱԳ-ը իրավական տեսանկյունից դիտարկենք, ըստ այսպիսի ընկալման, մենք օրինակի համար ունենք սահմանադրություն, որը տալիս է երկրի հիմնական զարգացման ուղղությունները, այն միջոցառումները, որոնք մանրամասն կարգավորումներ են իրականացնում արդեն ներքին օրենսդրության մեջ: ՇՄԱԳ-ը հանդիսանում է այդպիսի հիմնարար փաստաթուղթ, տալիս է այդ ազդեցությունների գնահատումները և այն միջոցառումների ցանկը, որի հիման վրա հետագա բոլոր հետազոտությունները պետք է իրականացնել: Եվ, ըստ էության, եթե որևէ գործունեություն արդեն իսկ այդ հիմնարար փաստաթղթով նախատեսում է տարբեր դրա կիրառումներում տարբեր մոտեցումներն անթույլատրելի է առանց ՇՄԱԳ-ի փոփոխության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա հետևաբար, այստեղ սկզբունքային հարցը հետևյալն է. պարոն Գրիգորյանն ասաց, որ մենք նոր ենք փաստարկն իմացել, բայց հիմա ստացվում է, որ Քննչական խումբը մինչ այդ անդրադարձել է այդ խնդրին: Հիմա դա նո՞ր փաստարկ էր, թե՞այնուամենայնիվ, Դուք անդրադարձել եք:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Խոսքը 2017 թ. ԹԱԴ կառավարման պլանի մասին է, որն արտացոլվել է 2016 թվականի գծագրում՝ որպես «Գեոթիմ 2016»: Ըստ ուսումնասիրության և պարզաբանման՝ դիզայնի և նախագծային հիմնարար փոփոխություններ այդ երկու փաստաթղթերում չեն եղել: Հիմա 2017 թվականին կազմվել է, որպեսզի ստորագրվի, ներկայացվի ֆինանսական կազմակերպություններին ֆինանսավորում ստանալու համար: Սակայն, ըստ էության, բովանդակային որևէ փոփոխություն այդ 2 փաստաթղթերում չեն եղել, և հետևաբար 2016 թ. «Գեոթիմ» ԹԱԴ կառավարման պլանը, ըստ էության, 2017-ի ԹԱԴ-ի կրկնությունն է՝ աննշան փոփոխություններով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ աննշան փոփոխությունները մեր օրենսդրությամբ ենթադրո՞ւմ են նոր ՇՄԱԳ, թե՞ չեն ենթադրում:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Հեղինակների անուններ կամ ստորագրություն, նման բաներ, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ բոլորը «Գեոթիմ»-ից դարձել են «Լիդիան»:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Այո, պարոն վարչապետ, «Գեոթիմ»-ը դարձել է «Լիդիան» և այլն:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյան- Պարոն վարչապետ, հաշվի առնելով, որ անգամ ՇՄԱԳ-ի փոփոխություն ենթադրենք, որ չի լինելու, ի հայտ են բերվել լրացուցիչ ռիսկեր, որտեղ «Լիդիան»-ը, որքան ես հասկանում եմ, ընդունել է և պարտավորվել է 16 կետերով մեղմել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ուրիշ բան եք ասում, հիմա դրան առանձին կանդրադառնանք: Խոսքը դրա մասին չէ: Հիմա այս փուլում մենք խոսում ենք մինչ այս պահը, մինչ այս քրեական գործի հարուցումը, մինչ «Էլարդ»-ի եզրակացությունը արված ինչ-որ փոփոխությունների մասին: Մենք այդ փոփոխությունների մեջ ունե՞նք այնպիսիները, որոնք ասում են մեզ, որ պետք է լինի նոր ՇՄԱԳ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Պարոն վարչապետ, իհարկե, ես կխնդրեմ նաև տիկին Շուշանյանը հաստատի, բայց թթվային ապարների դրենաժին վերաբերող փաստաթուղթը, եթե չեմ սխալվում, ՇՄԱԳ-ի հավելված չէ: Այն առանձին մի փաստաթուղթ է, որն ուղղակիորեն հոժարակամ «Լիդիան»-ի կողմից տրվել է Շրջակա միջավայրի նախարարությանը՝ նախարարության խնդրանքով: Կոնկրետ այդ փաստաթղթի վերաբերյալ, ինչպես հասկանում եմ, նաև մեր օրենսդրությամբ ոչ մի հստակ պահանջ չկա, այսինքն՝ այդ փաստաթղթում նույնիսկ, այսպես ասած, խորքային փոփոխությունները պետք է որ չենթադրեն ՇՄԱԳ-ում փոփոխություններ, որովհետև դա ՇՄԱԳ-ի հավելված չի համարվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Որպեսզի մենք ավելի հստակ հասկանանք, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Թթվային ապարների դրենաժի, ԹԱԴ-ի, կառավարման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչպես է կոչվում փաստաթուղթը՝ թթվային ապարների դրենաժի կառավարման պլան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ դա ՇՄԱԳ-ի մաս չէ՞:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Ոչ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան – Դա մանրամասն փաստաթուղթ է, որտեղ ներկայացված է թթվային դրենաժը, բայց դրանից ընդհանրացված եզրահանգումները ներառված են ՇՄԱԳ-ում, այսինքն՝ ՇՄԱԳ-ում ամբողջությամբ չեն ներառված, բայց եզրահանգումները, միջոցառումները ՇՄԱԳ-ում ներառված են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Փոփոխություններն այն մասո՞ւմ են արված, որը ներառված է ՇՄԱԳ-ում, թե՞ այն մասում են արված, որը ներառված չէ ՇՄԱԳ-ում:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան – Ամբողջը չէ: Դրանից հետևում է ամփոփ ՇՄԱԳ-ը: ՇՄԱԳ-ը դա ամփոփում է ամբողջ ազդեցությունը, իսկ թթվային դրենաժը ազդեցությունների մի մասն է: Այսինքն՝օրենսդրորեն գրված է, որ շրջակա միջավայրի վրա բոլոր ազդեցությունները պետք է գնահատվեն, որից մեկը թթվային դրենաժն է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Լիլիա Շուշանյան – Պարոն վարչապետ, այն փաստաթուղթը, որի մասին խոսում ենք՝ թթվային ապարների դրենաժի կառավարման պլանը, ինչպես պարոն փոխվարչապետը նշեց, իմ իմացած տվյալներով, ՇՄԱԳ-ի մեջ չի մտել: Այսինքն՝ ՇՄԱԳ փաստաթուղթը համարվում է այն փաստաթուղթը, որը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատվում է՝ որպես հիմնադրույթային փաստաթուղթ: Բայց, իմ իմացած տեղեկատվությամբ, նախարարությանը այդ կառավարման պլանը տրամադրվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ եթե այդպես է, նախարարությանը կառավարման պլանը տրվել է, փոփոխություններո՞վ է տրվել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Լիլիա Շուշանյան -Ոչ: Ընթացքում, ի գիտություն որպես, քանի որ նախարարությունը խնդրել է, իմ իմացած տվյալներով, ապա այդ կառավարման պլանը նույնպես տրամադրվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարման պլանն ունի, այսպես ասած, ստորոտ և գագաթ: Այդ գագաթի մասը մտել է ՇՄԱԳ, հիմա այս ստորոտի մեջ, գագաթում փոփոխություն ենթադրե՞լ է, թե՞ ոչ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Լիլիա Շուշանյան – Հենց այդ և ոչ միայն այդ մասով ես կուզենայի, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հստակ նշեր, որ «Էլարդ»-ի կողմից որևէ արձանագրված փաստ, այսինքն՝ ՇՄԱԳ-ի փաստաթղթի փորձաքննություն իրականացվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, և առաջինը հենց իրենք պետք է ասեն որևէ փոփոխություն եղե՞լ է այնտեղ, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եղե՞լ է այնտեղ փոփոխություն, թե՞ ոչ:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան – Այս իրավիճակում չի եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Սա արձանագրենք, հիմա շարունակությունն ասեք:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան – Պետք է լինի նախագծային փոփոխություն, որից ենթադրի նաև ՇՄԱԳ-ի փոփոխություն, այսինքն՝ պետք է փոխվեն նախագծային գծումները տվյալ հարցի շուրջ: Ենթադրենք ակտիվ համակարգ պետք է ներդրվի, չնայան դրա մասին ևս ՇՄԱԳ-ում կա անդրադարձ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե ՇՄԱԳ-ում դրան կա անդրադարձ, էլ ինչո՞ւ պետք է փոփոխեն կամ եթե ենթադրենք ՇՄԱԳ-ում կա այսպիսի ձևակերպում, մի քիչ դիլետանտավարի ասեմ, որովհետև շատ ծանոթ չեմ: Հնարավոր է՝ օգտագործենք պասիվ համակարգ, հնարավոր է՝օգտագործենք ակտիվ համակարգ, և այդ ՇՄԱԳ-ը Շրջակա միջավայրի նախարարության կողմից հաստատվել է: Եթե ես հաստատումից հետո այսօր ասում եմ՝ երևի կօգտագործենք պասիվ համակարգ, շատ լավ, արձանագրում ենք, բայց հաջորդ պահին ասում եմ, չէ, այնուամենայնիվ հանրային կարծիքը, ուրիշ փորձագետների կարծիքը լսելով, երևի օգտագործենք ակտիվ համակարգ: Այսինքն՝ չի՞ ստացվում, որ ՇՄԱԳ-ի սահմաններում է, ինչո՞ւ պետք է նոր ՇՄԱԳ անենք:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան – ՇՄԱԳ-ի սահմաններում է, ուղղակի ժամանակային առումով ակտիվն ավելի արագ կներդրվի, քան նախատեսվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա ուրիշ բան է: Դուք արդեն խոսում եք կիրառման մասին: Ես ասում եմ՝ եթե ՇՄԱԳ-ում այս 2 բևեռները ֆիքսված են, տրամաբանությունն այն չէ, որ 2 բևեռների մեջ ինչ տեղի ունենա, նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի բերելու:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենԱզգանուշ Դռնոյան –Այո:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այս մասը հասկանալի դարձավ: Ունե՞նք ավելացնելու բան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Այո, պարոն վարչապետ, զուտ նաև մեղմման հավելյալ միջոցների մասին, որովհետև դա էլ ՇՄԱԳ-ի հետ ուղիղ կապ ունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա հաջորդ մասը: Մենք խոսում էինք մինչև քրեական գործի հարուցումը կամ քրեական գործի քննության արդյունքում առկա այն տվյալների մասին, որոնք փոփոխության տվյալ են պարունակում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան – Պարզաբանման համար մի խնդրանք, պարոն վարչապետ, Շրջակա միջավայրի նախարարության մեր գործընկերներին: Ես այսպես եմ հասկանում՝ եթե ՇՄԱԳ է գնացել այն կտորը, որ ասում է այդ հեղուկը, որ ենթադրենք դուրս է գալիս ակտիվ կամ պասիվ համակարգից, չի պարունակելու ավելի թթվայնություն , քան այսքան, այսինքն՝ շեմ է սահմանվում, ուրեմն դա նորմալ է, շրջակա միջավայրի ազդեցության տեսանկյունից վտանգավոր չէ: Թե այդ հեղուկի մեջ թթվայնության աստիճանն իջեցնելու ակտիվ համակարգ կօգտագործի՞, թե՞ պասիվ համակարգ, 2-ն էլ այդպե՞ս է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Չէ, պարոն Խաչատրյան, այդպես չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տրամաբանությունն այդպե՞ս չէ, որ ասի թթվայնությունը մաքսիմալ այսքան է, սրա համար կամ պետք է պասիվ անեմ կամ էլ պասիվ կանեմ, եթե տեսնեմ արդյունավետ չի, կանցնեմ ակտիվին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան – Դա ճիշտ տրամաբանությունն է, պարոն վարչապետ: Ցավոք, մեր օրենսդրությամբ նույնիսկ մեկ միլիմետր շեղման դեպքում նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատական է պահանջվում, և Շրջակա միջավայրի նախարարության կողմից արդեն օրենսդրության փոփոխությունների փաթեթը պատրաստվել է, և աբսուրդը հասնում էր այն աստիճանի, որ ասենք, եթե տարվա ընթացքում իրեն թույլ էր տրված արդյունահանել ենթադրենք 10 հազար տոննա, և նա արդյունահանում էր 9999 տոննա, ստացվում էր, որ նա նորից շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի այդ ամբողջ պրոցեսով պետք է գնա, որովհետև ինքը նախագծից շեղումներ է ունեցել: Եթե տառակերությամբ չզբաղվենք, պարոն վարչապետ, ընդհանուր առմամբ կարծում եմ, որ կոնկրետ այս հատվածում բան չունենք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզ չէ՞, թե ինչո՞ւ է այդպես: Դա եղել է կոռուպցիոն օրենսդրություն:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այստեղ, որ քննարկվեց թթվայնության նվազեցման հարցը, հարցը դա չէ: Հարցն այն է, որ ընդհանրապես որևէ աղտոտված ջուր չպետք է ստորգետնյա ջրեր ներթափանցի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մենք չենք քննարկում շատ աղտոտված լինի, թե քիչ: Հիմա մենք կարող ենք ասել, որ մեր ստանդարտը, որ մենք կիրառում ենք այստեղ, այն է, որ ոչ մի աղտոտված ջուր շրջակա միջավայր չպետք է ներթափանցի:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյան – Այո, խնդիրը հենց դա է՝ ոչ թե թթվայնացման նվազեցում, այլ ընդհանրապես որևէ աղտոտում չլինի: Այստեղ մենք ասում էինք երկրաշարժի պարագայում և «Էլարդ»-ն ասում էր, որ ելակետային տվյալները բավարար չեն, բայց եթե այս-այս միջոցառումներն են՝ կառավարելի է: Իսկ այդ կառավարելիությունը ենթադրում է այնպիսի մեղմման միջոցներ, որ ընդհանրապես որևէ աղտոտում չներթափանցի: Դա կարևոր է:

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյան – Ավելացնեմ նաև, որ «Լիդիան» ընկերությունն ստանձնել է պատասխանատվություն, որ ոչ մի տեսակի չմաքրված ջուր հանքի տարածքից բաց չի թողնվելու շրջակա միջավայր: Այսինքն՝ բացարձակ դուրս է գալու այնպիսի ջուր, որը համապատասխանելի է ներքին օրենսդրության և միջազգային ստանդարտներին:

‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Ազգանուշ Դռնոյան – Ե՛վ նախագծային լուծումներում, և՛ ՇՄԱԳ-ում վերցվում են առավելագույն հզորությունները, այսինքն՝ ամենաաղտոտված վիճակը: Իր հզորություններում ինքը դրանից ավելի չի կարող աղտոտել, եթե ավելի աղտոտի, դրա համար պետք է վերակառուցում, ընդլայնում և այլն: Ավելի նվազ կարող է աղտոտել, ավելի քիչ ազդեցություններ կարող է ունենալ, բայց հզորությունների առավելագույնն է գնահատվում ՇՄԱԳ-ում:

Շարունակելի

Տեսանյութեր

Լրահոս