ԵՄ-ն աշնանը կվերադառնա փողերի լվացման մեջ մեղադրվող երկրների «սև ցուցակի» կազմմանը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) պլանավորում է աշնանը վերադառնալ այն երրորդ երկրների ցուցակի հետ կապված աշխատանքին, որոնք փողերի լվացման մեջ են մեղադրվում այն բանից հետո, երբ նախորդ ցուցակը մարտին չընդունվեց ԵՄ-ի խորհրդի կողմից: Այդ մասին գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով արդարադատության հարցերի եվրակոմիսար Վերա Յոուրովային:
Եվրակոմիսարը թերթին հայտնել է, որ մինչեւ հոկտեմբեր ԵՀ-ն նորացված մեթոդաբանություն կներկայացնի արտասահմանյան այն իրավասությունների բացահայտման համար, որոնք ի վիճակի չեն վերացնելու փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը:
Յոուրովայի խոսքով՝ ԵՀ-ն առաջադրելու է նոր «սեւ ցուցակ»՝ օգտագործելով ԵՄ-ի երկրների իշխանությունների հետ համագործակցությամբ մշակված նոր մեթոդաբանությունը:
ԵՀ-ն փետրվարին ընդունել է 23 երկրներից բաղկացած նոր ցուցակ, որոնք ունեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ ուղղված թույլ կանոններ, եւ Եվրամիության երկրներին առաջարկել է հավանություն տալ դրան:
Ցուցակում տեղ են գտել Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Պանաման, Լիբիան, Վիրջինյան կղզիները, Ամերիկյան Սամոան, Բահամյան կղզիները, Բոտսվանան, Հյուսիսային Կորեան, Եթովպիան, Գանան, Գուամը, Նիգերիան, Պակիստանը, Պուերտո-Ռիկոն, Սամոան, Շրի Լանկան, Սիրիան, Տրինիդադը եւ Տոբագոն, Թունիսը, Եմենը:
Ընդ որում՝ ԵՀ-ն չԷր առաջարկում արգելել տրանզակցիաները նոր ցուցակի երկրների կողմից, նա միայն հորդորել Է՝ ավելի շատ ուշադրություն դարձնել դրանց կատարմանը:
Եվրամիության երկրների խորհուրդը մարտի սկզբին միաձայն մերժել է այդ ցուցակը:
Դա բացատրվել է նրանով, որ փաստաթուղթը, Խորհրդի կարծիքով, մշակվել է ոչ թե թափանցիկ եւ ճկուն գործընթացի շրջանակներում, որը նշված երկրներին կխթաներ՝ վճռական միջոցներ ձեռնարկել եւ կհարգեր լսված լինելու նրանց իրավունքը: Եվրահանձնաժողովն այժմ պետք է առաջարկի ցուցակի նոր նախագիծ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: