Ժան Կլոդ Յունկերը հոսպիտալացման պատճառով չի մասնակցի G7-ի գագաթնաժողովին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն առողջական վիճակի պատճառով չի կարողանա մասնակցել «յոթնյակի»՝ Բիարիցում կայանալիք գագաթնաժողովին: Այս մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:

«Մենք կարող ենք հաստատել, որ նախագահ Յունկերը չի կարողանա G7-ի գագաթնաժողովին մասնակցել հոսպիտալացման կապակցությամբ: Նա առաջիկայում այդ մասին կտեղեկացնի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին»,- հայտարարել է նա:

Օգոստոսի 17-ին Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Յունկերն ստիպված Է եղել Ավստրիայում իր արձակուրդն շտապ ընդհատել հոսպիտալացման պատճառով: Նրան ուղարկել են Լյուքսեմբուրգ, որտեղ նա լեղապարկի հեռացման վիրահատության է ենթարկվելու:

Բերտոն նաեւ նշել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր չէ Յունկերին փոխարինել G7-ի գագաթնաժողովում, որտեղ Եվրամիությունն ամենայն հավանականությամբ կներկայացնի միայն Դոնալդ Տուսկը:

Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում լյուքսեմբուրգցի 64-ամյա Յունկերի ժամկետը կավարտվի հոկտեմբերի 31-ին, նրան կփոխարինի գերմանուհի Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Ավելի վաղ Յունկերն արդեն հայտարարել էր իր մանդատի ժամկետի լրանալուց հետո քաղաքականությունից հեռանալու մտադրության մասին: Յոթնյակի գագաթնաժողովը Ֆրանսիայի հարավում գտնվող Բիարից քաղաքում կանցկացվի օգոստոսի 24-26-ը:

G7-ը նախագահող Ֆրանսիայի կառավարությունը եւ Բիարիցի քաղաքային իշխանություններն արդեն ակտիվորեն նախապատրաստվում են գագաթնաժողովի օրերին հակագլոբալիստների զանգվածային բողոքներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս