«Ամուլսարի շահագործման հարցով կարելի է հանրաքվե անցկացնել». Սերգեյ Բագրատյան

«Կառավարությունն օգնում է «Լիդիան» ընկերությանը, որպեսզի Ամուլսարը շահագործի, մտածելով, որ այդպիսով կխթանի ներդրումներին։ Կառավարությունը երկու խնդիր ունի, մի կողմում՝ բնապահպանական ռիսկերն են, մյուս կողմում՝ տնտեսական շահը, դրա համար պետք է երկար մտածի»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը։

Նրա խոսքով՝ Ամուլսարը շահագործելու փոխարեն, առաջարկում են՝ Ջերմուկ քաղաքում հանքային ջրերի գործարաններ բացեն, որի արդյունքում կվերականգնվի 612 աշխատատեղ։

Ըստ Սերգեյ Բագրատյանի, Ամուլսարը շահագործելու համար պետք է լսեն ժողովրդին, կամ հանրաքվե անցկացնեն։

168.am-ի հարցին՝ «Իմ քայլ»-ի որոշ պատգամավորներ չեն վստահում հանքի շահագործման հետ կապված փորձաքննության արդյունքներին, հնարավոր է՝ պետբյուջեի հաշվին նոր փորձաքննություն տեղի ունենա, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ փորձաքննությունը պետք է կատարվի մրցութային եղանակով։

«Նախկինում եղել է փորձաքննություն, որի արդյունքները բացասական է եղել, ինչո՞ւ պետք է այդ հեղինակավոր ընկերությունների կարծիքները չընդունեմ, այլ ընդունեմ միայն «Էլաթ» կազմակերպության եզրակացությունը»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ հանքի շահագործման հետ կապված՝ «Բարգավաճ Հայաստանը» դեռ քննարկում չի իրականացրել, և այն, ինչ ասում է, իր անհատական կարծիքն է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս