«Եթե Փաշինյանը չսթափվի, արժանանալու է Սերժ Սարգսյանի բախտին և շատ ավելի վատ տարբերակով». Ակցիայի մասնակից
Բաղրամյան 26-ում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ ջերմուկցիների հանդիպումն Ամուլսարի շահագործման հարցի շուրջ։ Այս պահին նախագահականի մոտ հավաքված են ընդդեմ Ամուլսարի ակցիայի մի խումբ մասնակիցներ, նրանք սպասում են վարչապետի հետ հանդիպման ավարտին։ Ակցիայի մասնակիցները միաձայն պնդում են, որ Հայաստանի ջրի, հողի ու ամբողջ ընդերքի տերը ժողովուրդն է։
«Այստեղ նույն վովագասպարյանական ու վալերիյօսիպյանական ոստիկանները հրում են ժողովրդին, հրում ու փորձում ինչ-որ սադրանք ստեղծել։ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, բոլորս կողմ էինք որ Սերժ Սարգսյանը հեռանա, բայց Փաշինյանը ծածկադմբոց արեց ու անցկացրեց Սերժի օրենքը՝ դա պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքն էր։ Հիմա էլ ջերմուկցիներին կանչել է իբրև թե քննարկում անելու համար, ո՞ւմ հետ է քննարկում անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից Հրայր Կոստանյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդի ձայնը չի լսում, ուստի, եթե չսթափվի, ապա «արժանանալու է Սերժ Սարգսյանի բախտին և շատ ավելի վատ տարբերակով»։
Զվարթ Խաչատրյան