«Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել, սակայն դրանով երկչոտն առյուծասիրտ չի դառնում»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել, սակայն դրանով երկչոտն առյուծասիրտ չի դառնում:

Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների եւ պարտությունների, վեելքների եւ վայրէջքների, հավատարիմ նվիրման եւ դավաճանության ժամանակագրություն է:

Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:

Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձեւաչափը պետականության առկայությունն է: Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել միասնականության գիտակցումը եւ կործանվել է երկպառակությունից: Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների ձեռամբ եւ միջամտությամբ: Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենքօգնել թշնամուն անառողջ բաժանումներով :

Այսպես, Արտաշեսյան թագավորությունը (Ք. Ա, 189-1թ.) դադարեց իր գոությունը, երբ արքունական էլիտան Տիգրան 4-րդի եւ Էրատոյի գլխավորությամբ հրաժարվեց գահից՝ վերջ դնելով դինաստիային:

Արշակունիների թագավորության /66-428 թթ./ առնվազն վերջին հարյուրամյակը երկապառակության պայքար է՝ արքունական եւ իշխանական տների միջեւ, որի արդունքում հայոց իշխանները հասան վերջին արքայի՝ Արտաշեսի գահընկեցությանը՝ գերադասելով օտարի տիրապետությունը:

Ցավոք, Ամենայն Հայոց կաթողկոս Սահակ Պարթեւի միասնականության հորդորն ուղղված աշխարհիկ կառաարիչներին, մնաց որպես «ձայն բարբառո հանապատի»:

Այս իրադարձություններին է նվիրված Պատմահայր Խորենացու «Ողբը», որից հետագայում էլ դասեր չքաղվեց: Դրա մասին է վկայում Բագրատունյաց Հայաստանում /885-1045թթ./ պայքարը Արծրունիների եւ Բագրատունիների տների միջեւ, հետագայում պառակտումը պետականամետների՝ սպարապետ Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ եւ բյուզանդամետ արծաթասեր Վեստ Սարգիս Սյունեցու եւ նրա կողմնակիցների միջեւ, ինչը դժբախտաբար ավարտվեց դավաճանների հաղթանակով: Արդյունքում մայրաքաղաք Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:

Նույնիսկ սրանով չավարտվեց անընդհատ կրկնվող պատմության տխուր շրջապտույտը: Հայկական լեռնաշխարհից հեռու հայ ժողովուրդը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում /1080-1375թթ./, որը բզկտվեց ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլ նաեւ հոգեւոր իշխանության պառակտումով:

Կիլիկյան հայկական թագավորությունում ճակատագրական ջրբաժանը ունիթորների /կաթոլիկ եկեղեցու հետ միության՝ ունիայի կողմնակիցներին /եւ հակաունիթորների բախումն էր; Հետեւանքը դարձյալ նույնն է՝ պետականության կորուստ:

Եթե պատմական այս սխալները նորագույն ժամանակաշրջանում ապրող ՀՀ քաղաքացիներիս համար կարող են հեռավոր լեգենդի պես բան թվալ, ապա նշեմ, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, կրկնությունն է մեկ դարյա վաղեմության տխրահռչակ քաղաքական իրադարձությունների:

Տեսեք՝ 1918թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական հաղթանակ տված ժոովուրդը ընդամենը 2 տարի անց հայ բոլշեւիկների պետականաքանդ քարոզչության արդյունքում, թե «թուրքը այլեւս նախկինը չէ», առանց մի կրակոցի հանձնեց Կարսի անառիկ բերդը:

Ադրբեջանից Իջեւան թափանցած Հայաստանի հեղկոմն ամեն ինչ արեց ՀՀ առաջին հանրապետության կործանման համար: Երկու տարեկան պետությունն անզոր էր միաժամանակ պատերազմելու ընդդեմ հայենիք ներխուժած թուրքի եւ հայ բոլշեւիկի: Արդյուքնում հայ ժողովուրդն ունեցավ իր պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը /դեկտեմբերի 2, 1920թ./ :

Բայց ՀՀ հեղկոմի եւ բոլշեւիկների գործողությունները սրանով չսահմանափակվեցին. գլխատվեց հայկական զինուժը՝ բանտարկվեցին մայիսյան հերոսամարտի փառապանծ գեներալներ Թովմաս Նազարբեկյանը,

Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը եւ 1400 սպաներ, իսկ Դրոն , Նժդեհը եւ Առաջին հանրապետության ղեկավար կազմի մի մասը ստիպված էին հեռանալ հայրենիքից:

Չե՞ք կարծում, որ պատմական համընկնումները չափից շատ են: Եթե բոլշեւիկները մերժեցին մայիսյան հաղթանակների հերոսներին, ապա այսօր՝

«Նոր Հայաստանի» նեոբոլշեւիկյան ռեժիմը կասկածի տակ է դնում Ապրիլյան հաղթանակը, նվաստացնում գեներալների եւ սպաների դերակատարումը՝ անխնա վարկաբեկելով վերջիններիս:

Եվ սա ամենը չէ, սրանք ավելի հեռուն են գնացել՝ դըմփ-դըմփհուի հեղափոխությունը համեմատելով Սարդարապատի հերոսամարտի եւ Արցախյան ազատամարտի հետ:

Ավելին, տրոցկիստական ոճով սրանք իրենց հայրենակիցների մի խմբի նկատմամբ մյուս խմբի քաղաքական հաջողությունը անվանեցին «համաժողովրդական հաղթանակ»:

Պատմությունը դաժան եւ անաչառ ապտակներով մեզ սովորեցրել է, որ կրկնակի դժբախտ է այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հաղթանակները, եւ այդ հաղթանակները կերտած հերոսներին:

Հ.Գ. Մեզ անհրաժեշտ է վերագնահատում, որտեղ չկա ատելութուն, թշնամանք: Առանց վերագնահատումի անիմաստ է որոնումը: Եվ երբ որոնումը, եթե իհարկե, այն կա, հատում է նենգության, վրեժի թույլատրելի սահմանը, խեղճանում ենք ազգովի:

Հ.Հ.Գ. «Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել , սակայն դրանով երկչոտը առյուծասիրտ չի դառնում»:

Երբեմն երկչոտ որսորդին հաջողվում է առյուծ թակարդել , սակայն դրանով երկչոտը առյուծասիրտ չի դառնումՅուրաքանչյուր…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Montag, 19. August 2019

Տեսանյութեր

Լրահոս