Բաժիններ՝

Ջամուի և Քաշմիրի մայրաքաղաքում բացվել են կառավարական հիմնարկությունները և դպրոցների մի մասը

Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի միութենական տարածքի իշխանություններն օգոստոսի 19-ին տարածաշրջանի մայրաքաղաք Սրինագարում բացել են բոլոր կառավարական հիմնարկությունները եւ դպրոցների մի մասը: Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, այս որոշումը անվտանգության այն խիստ միջոցառումները մեղմելու սկիզբն է, որոնք Ջամուում եւ Քաշմիրում սահմանվեցին այն բանից հետո, երբ Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին այդ տարածքը զրկեց նահանգի կարգավիճակից:

Ըստ այդ տեղեկատվության, առայժմ բաց կլինեն Սրինագարում գործող մոտավորապես 900 դպրոցներից միայն 196-ը: «Մենք դպրոցները բացել ենք միայն մի քանի շրջաններում՝ այնտեղ անվտանգության ստուգումից հետո: Մենք դիմում ենք ծնողներին՝ հորդորելով իրենց երեխաներին ուղարկել միայն այնտեղ, որտեղ բացվել են դպրոցները: Անվտանգությունը մեր պատասխանատվությունն է»,-հեռուստաալիքը մեջբերել է իշխանությունների ներկայացուցիչ Շահիդ Իքբալի խոսքը:

Կառավարական բոլոր հիմնարկությունները երկուշաբթի օրը պետք է բաց լինեն: Իշխանությունները նաեւ վերականգնել են քաղաքային հեռախոսների մոտավորապես երկու երրորդի աշխատանքը: Շարժական կապի եւ ինտերնետի ծառայությունները կվերականգնվեն միայն անվտանգության ոլորտի իրադրության համակողմանի վերլուծությունից հետո:

Դրա հետ մեկտեղ տեղի բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ տարբեր կուսակցությունների ակտիվիստներ, այդ թվում՝ Ջամուի եւ Քաշմիրի նախկին գլխավոր նախարարներ Օմար Աբդուլան եւ Մեհբուբա Մուֆթին, առայժմ կալանքի տակ են մնում:

Իշխանությունները բախումների սպառնալիքի պաատճառով նաեւ չեղարկել են Ջամուի մի քանի շրջաններում ինտերնետի եւ շարժական հեռախոսների ավելի վաղ թույլատրված օգտագործումը:

Օգոստոսի 18-ին «Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով Հնդկաստանի կառավարության աղբյուրներ, հայտնել է, որ Ջամուում եւ Քաշմիրում առնվազն 4 հազար մարդ է ձերբակալվել օգոստոսի սկզբին տարածաշրջանի կարգավիճակի փոփոխման պահից: Ձերբակալությունները, ինչպես նշում է գործակալությունը, կատարվել են հասարակական անվտանգության մասին օրենքին համապատասխան, որը թույլ է տալիս առանց դատի մարդուն կալանքի տակ պահել մինչեւ երկու տարի ժամկետով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս