Բաժիններ՝

Մարդ ա վատացել… առնվազն գեղեցիկ չէ

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրտսեր դստեր` Արփիի ծննդյան տարեդարձն է եղել: Շատերը երկրում վստահաբար չգիտեին այդ մասին և տեղեկացան նրա հայրիկի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, ուր վերջինս ոչ թե շնորհավորել էր դստերը, այլ հեգնախառն գրառում կատարել այն մասին, թե ինչ կգրեին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ` լուսաբանելով երեխայի տարեդարձը:

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 18. August 2019

Գրառման մեջ մասնավորապես նշվում էր. «Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ:

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր:
Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով:

Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա:

Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին:

Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է:

Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»:

Գրառումը տարակուսելի էր այնքանով, որ կարծես թե որևէ լրատվամիջոց չէր անդրադարձել երեխայի ծննդյան տարեդարձին ու այն նշելու կերպին:

Ի վերջո, ցանկացած ծնող ինքն է որոշում` ինչպես տոնել իր երեխայի հիշարժան օրը, սակայն նաև բնական է ուշադրությունը վարչապետի ընտանիքի նկատմամբ, մանավանդ որ ընտանիքը ինքն էլ դեմ չէ այդ ուշադրությանը: Բայց ամեն դեպքում երեխայի ծննդյան տարեդարձի մասին հրապարակումներ կարծես թե չկային, որոնց տեսականորեն կարող էր պատասխանած լինել վարչապետ հայրիկը:

Հաջորդիվ վարչապետը ևս երկու անգամ անդրադարձավ այդ օրվան`զարգացնելով թեման:

Փոքրիկ Արփին ընդամենը երեխա է, շատ դրական, աշխույժ երեխա, և որևէ մեկն այս երկրում, անգամ ամենաընդդիմադիր հայացքներ ունեցող ու ռադիկալ որևէ անձ երեխայի տարեդարձը որևէ գրառմամբ չէր մթագնի, ուր մնաց` դա աներ լրատվամիջոց: Ուրեմն՝ ինչու էր պետք անհարկի ուշադրություն բևեռել, խոսակցությունների առիթ տալ ու երեխայի տարեդարձը, ծամոն դարձնելով, գցել յուրաքանչյուրի բերանը:

Առնվազն տարօրինակ է, քանի որ տրամաբանորեն երկրի առաջնորդները, քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք, ընդհակառակը, իրենք են աշխատում ամեն կերպ իրենց ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին հեռու պահել տարատեսակ շահարկումների առիթ ու պատճառ դառնալուց:

Իսկ սա վարչապետի կողմից սեփական երեխաների գործոնը քաղաքականության մեջ կիրառելու առաջին դեպքը չէ: Պարբերաբար տեղի-անտեղի շահարկվում է իր որդու ծառայությունը, ավագ դուստրը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս բարոյախրատական հրապարակումներուվ, և հետո հասարակությանն ու լրատվամիջոցներին մեղադրում են, թե իրենց քննադատում են:

Տարակուսելի է նաև այն, որ երկրի վարչապետը փաստորեն քաղաքական ու հասարակական դիսկուրսի նշաձողը իջեցնում է մինչև երեխայի ծննդյան տարեդարձի քննարկում:

Անհասկանալի է, որ ՀՀ վարչապետը, ով իր ֆեյսբուքյան էջն օգտագործում է այդ թվում նաև պրոպագանդիստական նպատակներով, հասարակության հետ շփվում է այդ եղանակով, գերեվարված զինվոր ունենալու պարագայում որևէ կերպ չի անդրադառնում այդ թեմային, չի շնորհավորում երկրի նորագույն պատմության ամենավառ ռազմական ու պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հոբելյանը, ով իր ֆեյսբուքյան էջում ցնծում է մեր ֆուտբոլային թիմի աննախադեպ հաջողությունից, բայց այդ ցնծությունը նկատելի չէ այն պարագայում, երբ լուր է տարածվում, որ Տավուշում մեր զինված ուժերը դիրքային առաջխաղացում են ունեցել, չի անդրադառնում հասարակությանը հուզող այլևայլ թեմաների, սակայն միտումնավոր շահարկումների առիթ է դարձնում սեփական երեխայի տարեդարձը:

Իսկ եթե դա արվեց այլ խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար` առժամանակ շոուի նոր չափաբաժին ապահովելով դրա սպառողների համար, առնվազն գեղեցիկ չէ:

Ի դեպ, երեկ երեկոյան ֆեյսբուքում տարածվեց «Հայկական ժամանակի» խմբագրականներից մեկը, որում ներկայիս վարչապետը, երբ դեռ լրագրող ու թերթի խմբագիր էր, այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան տարեդարձի խնջույքի մասին գրում էր. «…Նրա ծննդյան օրը նշվել է Երևանի «Արքայաձոր» ռեստորանում: Խնջույքին մասնակցել են Մարգարյանի մերձավոր քաղաքական շրջապատի ներկայացուցիչներ: Ուշ երեկոյան դրությամբ խնջույքին չէին մասնակցում ՊՆախարար Սերժ Սարգսյանը և նախագահ Ռոբերտ Քոչարյանը… Ինչ վերաբերում է բուն խնջույքին, մեր տեղեկություններով` այնտեղ մատուցվել է հայ պաշտոնյաների համար սովորական դարծած մենյու. ավանդական հայկական խորոված, թառափի խորոված, գումարած կարմրախայտ և Սևանի իշխան: Դարձյալ ուշ երեկոյան դրությամբ խնջույքը հատուկ երաժշտական ուղեկցությամբ ապահովված չէր»:

«Հայկական ժամանակ» օրաթերթի սեփականատերերը չեն փոխվել, իսկ վերը բերված օրինակը մեկն էր այն տասնյակ հրապարակումներից, որոնք ամենայն մանրամասնությամբ նկարագրում էին որևէ պաշտոնյայի կամ նրա հետ փոխկապակցված անձի որևէ հիշարժան առիթի նշում: Չենք խոսում այն մասին, թե որքանով էին դրանք հավաստի, բայց չենք էլ հիշում դեպք, որ երկրի ղեկավարը կամ որևէ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձ ինչ-որ կերպ անդրադառնար այդ հրապարակումներին:

Չենք կարծում, որ վարչապետը չի հիշում ժամանակին իր թերթում եղած հրապարակումները, և ուրեմն ինչու է նրան թվում, որ իրեն կարելի էր, իսկ մյուսներին այժմ` ոչ:

Ամեն դեպքում ևս մեկ անգամ շեշտենք, որ թերևս երեխայի տարեդարձին, այն էլ բացասական լույսի ներքո որևէ լրատվամիջոց չէր անդրադարձել:

ԴԻԱՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս