2019թ․ 7 ամսում շուրջ 77․000 աֆղան միգրանտ է մուտք գործել Թուրքիա
Աֆղանստանից Թուրքիա ապօրինի միգրացիան հետզհետե ինտենսիվանում է։ 2019թ․ առաջին 7 ամիսների ընթացքում այս երկրից 76․898 մարդ է ներգաղթել Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Գաղթականները ստիպված են ոտքով անցնել շուրջ 3․000 կիլոմետր՝ Իրանի տարածքով Թուրքիա հասնելու համար։ Ներգաղթյալների հոսքը հատկապես մեծանում է ամռան ամիսներին։
Երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմանների պատճառով դեպի Եվրոպա ուղևորվող աֆղանները Թուրքիա հասնելուց հետո այլևս չեն կարողանում առաջ գնալ։ Բայց սեփական երրկիր վերադառնալու փոխարեն նրանք հիմնականում վճռում են մնալ ու աշխատանք գտնել այդ երկրում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարության միգրացիայի կառավարման գլխավոր վարչության տվյալների համաձայն՝ Աֆղանստանից գաղթի ալիքը սկիզբ է առել 2014թ․։ Առաջին տարում Թուրքիա է հասել 12․248 գաղթական, 2015թ․՝ 35․921, 2016թ․՝ 31․360,2017թ․՝ 45․259, 2018թ․՝ 100․848 գաղթական։
Հաշվի առնելով 2019թ․ յոթ ամսում երկիր մուտք գործած աֆղան ներգաղթյալների թիվը՝ ենթադրվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 2018թ․ ցուցանիշը։