Բաժիններ՝

Ֆրանսիացի միանձնուհին դարձել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին

Ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոնը՝ քույր Անդրեն, դարձել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին: Այդ մասին հայտնել է Parisien թերթը:

Փետրվարին լրացել էր Լյուսիլ Ռանդոնի 115 տարին: Երիտասարդության շրջանում նա եղել է տնային դաստիարակչուհի, աշխատել է հոսպիտալում, իսկ հետո դարձել միանձնուհի:

2019 թվականին իր ծննդյան օրվա առթիվ նա ստացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անձնական նամակը եւ օրհնված վարդարան:

Այժմ Ռանդոնն ապրում է Տուլոնում, ծերանոցում:

«Ես տեղաշարժվում եմ միայն հաշմանդամի սայլակով եւ գրեթե ոչինչ չեմ տեսնում: Իմ ամենօրյա երջանկությունն աղոթելու հնարավորությունն է»,- պատմել է նա:

Հրատարակության տվյալներով՝ Ռանդոնին կանոնավոր կերպով այցելության է գալիս նրա զարմիկը, ինչպես նաեւ 90-ամյա մի տղամարդ, որի մոտ նա տնային դաստիարակչուհի է եղել:

«Նրանց միջեւ կապն անխախտ է»,- պատմել է այն հաստատության աշխատակիցներից մեկը, որտեղ ֆրանսուհին ապրում է:

Նա նաեւ պատմել է, որ միանձնուհին սիրում է շոկոլադ եւ երբեք բաց չի թողնում կրոնական ժամերգությունը:

Եվրոպայի ամենատարեց բնակչուհու կոչումն ինքնաբերաբար Ռանդոնին է անցել իտալուհի Մարիա-Ջուզեպե Ռոբուչի-Նարջիզոյի մահվանից հետո, որը 116 տարեկան էր:

Պաշտոնապես աշխարհի ամենատարեց բնակչուհին ճանաչվել է ճապոնուհի Կանե Տանական, որը ծնվել է 1903 թվականի հունվարի 2-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս