Ճարպակալումն առնվազն կրկնակի մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը. գիտնականներ
Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշը եւ ճարպակալումն առնվազն կրկնակի մեծացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը: Այդ մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Հետազոտողները որոշել են գեների ակտիվությունը քաղցկեղի ութ տիպերի ուռուցքային հյուսվածքներում, որոնց համար ցույց է տրված կապը ճարպակալման հետ: Այնուհետեւ մասնագետներն օգտվել են մենդելյան ռանդոմիզացիայի մեթոդից, որը չափում է գեների բնական փոփոխականությունը: Այն թույլ է տալիս որոշել այս կամ այն գործոնի դերը հիվանդության զարգացման վրա, այսինքն՝ բացահայտում է պատճառահետեւանքային փոխադարձ կապը:
Տվյալ դեպքում գիտնականները կապակցություն են հայտնաբերել մարմնի զանգվածի ինդեքսի (զանգվածի եւ հասակի մեծության քառակուսու հարաբերակցությունը) եւ հիվանդության զարգացման ռիսկի միջեւ՝ բացառելով գեների ազդեցությունը, որոնք կարող էինք նպաստել թե՛ ճարպակալմանը եւ թե՛ ուռուցքների գոյացմանը: Ըստ գնահատումների՝ ավելորդ քաշը քաղցկեղի բոլոր դեպքերի վեց տոկոսի պատճառն է զարգացած երկրներում: Սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ճարպակալմանը տրված բաժինն իրականում շատ ավելի մեծ է: