«Վարչապետն իր վերաբերմունքն արտահայտեց ոլորտի նկատմամբ, սակայն կան հարցեր, որոնք պետք է լուծվեն պետական մակարդակով». Մեխակ Ապրեսյան
Օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով շրջել է Հայաստանում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկների հետ՝ նրանց ներկայացնելով Երևանի պատմությունը:
Շրջայցից հետո վարչապետը զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք, շրջայց կատարել նրանց համար շենքի տարածքում և դահլիճներում, ծանոթացրել պատմությանը և ճարտարապետությանը:
Շրջայցն ավարտվել է գինու համտեսով և վարչապետի կողմից զբոսաշրջիկներին խորհրդանշական նվերների հանձնմամբ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս քայլին, նշեց` ողջունելի քայլ է առնվազն այն իմաստով, որ այն բարձր մակարդակով զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ վերաբերմունքի դրսևորում էր։
«Երբ զբոսաշրջության կոմիտեն կամ այլ կազմակերպություններ որևէ բան են կազմակերպում, ապա այն Հայաստանի զբոսաշրջությունը գովազդելու, զարգացմանը խթանելու միջոցառումներից է, վարչապետի այս քայլը՝ ևս։ Զբոսաշրջիկներն այդ քայլից տպավորված էին, այս մասին նրանցից յուրաքանչյուրն իր երկրում կպատմի։ Այսինքն՝ այս քայլը լավն էր, առնվազն լավ վերաբերմունք»,- ասաց Մեխակ Ապրեսյանը։
Հարցին՝ այս վերաբերմունքից զատ, զբոսաշրջիկը Երևանում տեսավ աղբ, տաքսիներ, որոնց վարորդները հինգ կիլոմետր վարելու համար զբոսաշրջիկներից մեծ գումար են պահանջում, նման բողոքներ եղել են զբոսաշրջիկների կողմից, և այլ խնդիրներ, այս ամենով հանդերձ՝ հնարավո՞ր է միայն վարչապետի զբոսավար աշխատելու քայլով զբոսաշրջություն զարգացնել, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ, եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծելուն զուգահեռ՝ պետք է ներկայացնեն նաև երկիրը։
«Այո, մենք ունենք խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, և այդ ուղղությամբ պետք է անպայման միջոցներ ձեռնարկեն։ Բայց այդ ամենին զուգահեռ՝ պետք է երկիրը ներկայացնեն, ինչո՞ւ ոչ` իրականացնեն նաև նման քայլեր։ Իհարկե, աղբի հարցը պետք է լուծեն, իսկ տաքսիստների հետ կապված դեպքերը լավ է, որ համատարած բնույթ չեն կրում։ Նման վարորդների ընդհանուր գիտակցությունը պետք է բարձրացնել, որ իրենց արարքը կարող է ազդել զբոսաշրջության թվաքանակի վրա, և մի օր էլ իրենք դրա հետևանքով զրկվեն աշխատանքից»,- շեշտեց նա։
Նա նաև նկատեց, որ վարչապետն իր քայլով վերաբերմունք արտահայտեց ոլորտի նկատմամբ, սակայն շատ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն պետական մակարդակով՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում։
Նա միաժամանակ հույս հայտնեց, որ այդ խնդիրները կլուծվեն, և ակնկալվող պետական հոգածությունը ոլորտի նկատմամբ կլինի։
Հարցին՝ ունի՞ ակնկալիքներ, որ վարչապետի քայլից հետո զբոսաշրջիկների թիվը կարող է ավելանալ, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ միայն այդ մեկ քայլով հնարավոր չէ, բայց հույս ունի, որ այն կնպաստի։
«Ոլորտի համար բոլորս պետք է մտածենք, սկսած վարորդներից՝ մինչև աղբահանության համար պատասխանատուները, և այնպես պետք է անենք, որ Հայաստանը բոլորի համար դառնա այն վայրը, որտեղ կցանկանան ապրել և այցելել»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։
Զվարթ Խաչատրյան