«Թղթերի գտվելու վայրն էական նշանակություն չպետք է ունենա գործը մակագրելու և գործընթացներ կազմակերպելու վրա». Արամ Օրբելյան
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կամ դրա հավելվածը եթե ոչ՝ երկուշաբթի, ապա երեքշաբթի կուղարկվի Երևանի դատարան և կիրականացվի համապատասխան ընթացակարգ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։
168.am-ի հետ զրույցում Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ դատական պրակտիկայում դեռևս նման բան չի տեսել, որ դատական գործընթացը կասեցվի, ինչ է թե՝ վերաքննիչ բողոք է բերվել կալանքի հարցով։
«Պրակտիկայում միշտ ամեն ինչ հակառակն է եղել, այսինքն՝ երբ բողոքարկվել է, ընթացիկ քննություն է եղել, և դրան զուգահեռ՝ բողոքարկումներ են եղել։ Երբ մեր գործով Վերաքննիչ դատարանն Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշում էր կայացրել, մենք միջնորդել էինք, որ գործը կասեցնի և դիմի Սահմանադրական դատարան, ինչին ի պատասխան՝ նա ասել էր, որ իր վարույթում գործ չկա, և ինքը պարզապես բողոքի քննող է։
Սա ըստ էության ցույց է տալիս, որ գործն Առաջին ատյանի դատարանում է, թե թղթերը ֆիզիկապես որտեղ են գտնվում՝ էական նշանակություն չպետք է ունենա գործը մակագրելու և գործընթացներ կազմակերպելու վրա։ Սա է ամբողջ խնդիրը, որի մասին բարձրաձայնել ենք, թե Վճռաբեկ դատարանից երբ կուղարկեն, սա խնդրի լուծում չէ»,- ասաց Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ արդեն 50 օր է՝ չի քննվում գրավի միջնորդությունը, որը անհապաղ քննելի է, անկախ պատճառներից։
Ըստ նրա՝ այստեղ կարևոր է օբյեկտիվ իրականությունը, քանի որ պետությունը չի ապահովում արդյունավետ քննություն։
«Փաստ է, որ այսքան ժամանակ գործը չի քննվում։ Գրավի միջնորդությունն անմիջապես պետք է քննվի, և պետությունն ունի պարտավորություն ապահովելու դատարան, բայց սա չանելով՝ պետությունը խախտում է պարտավորությունը։
Այստեղ մենք կարո՞ղ ենք տեսնել այլ երանգներ, երբ մենք Արմեն Դանիելյանի մոտ որևէ միջնորդություն էինք ներկայացնում, բոլորը բողոքում էին, թե սա գործը ձգձգելու փորձ է, բայց երբ մենք ենք ներկայացրել գրավի միջնորդություն, որևէ մեկը չի պնդում, որ գործն օր առաջ պետք է քննվի։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ խոսքը միայն տեխնիկական պատճառների մեջ չէ, որոնք, ի դեպ, մեր կարծիքով՝ չկան»,- եզրափակեց Արամ Օրբելյանը։
Զվարթ Խաչատրյան