«Լոկատոր» ընկերությունը դիմել է դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որ քրեական գործ է հարուցվել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթացքում չարաշահումների վերաբերյալ:
«Փարկինգ Սիթի Սերվիսի» բաժնետոմսերը 2016թ. Երևանի քաղաքապետարանին նվիրելուց հետո հանձնվեցին հավատարմագրային կառավարման «Լոկատոր» ընկերությանը, որն ապահովում էր տեսասարքերի համակարգի ծրագրային ապահովումը։
«Լոկատորի» տնօրեն Արման Խաչատրյանը 168.am–ի հետ զրույցում նշեց, որ իրենք քրեական գործի հետ կապված որևէ խնդիր չունեն։
«Ակցիաները մեզ հանձնել էին կառավարման, մենք կառավարել ենք այդ հիմնարկը, ոչ մի հաշվարկի, ոչ մի գույքի հետ կապ չունենք, միայն կառավարել ենք հիմնարկի աշխատանքը՝ հավաքագրել կայանատեղիների գումարն ու փոխանցել քաղաքապետարանին»,- ասաց Ա.Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանն այս տարվա մայիսին իրենց նամակ է ուղարկել այն մասին, որ միակողմանի խզում է պայմանագիրը։
«Լոկատորը» հունիսի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք ճանաչելու, պայմանագիրը միակողմանի լուծելը ոչ իրավաչափ ճանաչելու, պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջով (ԵԴ/18390/02/19, դատավոր Ավագ Գաբրիելյան)։ Դատական նիստի օր դեռևս չի նշանակվել։