Հնդկաստանը պատրաստ է առաջիկա օրերին հանել Քաշմիրում գործող սահմանափակումները
Հնդկաստանի իշխանությունները մտադիր են առաջիկա մի քանի օրվա ընթացքում հանել Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում գործող սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պետական դատախազ Տուշար Մեհթան:
«Հնդկաստանի կառավարությունը ծանուցել է երկրի Գերագույն դատարանին, որ պատրաստ է այս ամսում չեղարկել ուղեւորությունների սահմանափակումը տարածաշրջանում եւ ապահովել հեռախոսային ու ինտերնետ կապի անխափան աշխատանքը»,- դատախազի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:
«Սահմանափակումները կհանվեն մի քանի օրվա ընթացքում»,- հավելել է նա:
NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ջամուի եւ Քաշմիրի հանրակրթական հաստատությունները աշխատանքը կվերսկսեն օգոստոսի 19-ից:
Հնդկաստանի կառավարությունն օգոստոսի 5-ին հայտարարել Է Սահմանադրության 370 հոդվածը չեղարկելու որոշման մասին, որը հատուկ կարգավիճակով Է օժտում Ջամուի եւ Քաշմիրի նահանգը:
Կառավարության առաջարկության համաձայն, Ջամուն եւ Քաշմիրը կորցնում է նահանգի կարգավիճակը եւ դառնում միութենական տարածք (ավելի քիչ իրավունքներ ունի, քան նահանգը), նրանից անջատվում է Լադաքհ պատմական մարզը, որը նույնպես դառնում է միութենական տարածք: Նաեւ այլ փոփոխություններ են սպասվում Քաշմիրի կարգավիճակի եւ կառավարման ոլորտում: Ընդսմին Ջամուն եւ Քաշմիրը կպահպանի իր օրենսդիր մարմինը:
Հնդկաստանի Սահմանադրությամբ Ջամուն եւ Քաշմիրը հատուկ ինքնավարություն ուներ, այս նահանգում բոլոր օրենքները, որոնք ընդունվել են կենտրոնական կառավարության կողմից (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի եւ մի քանի այլ բնագավառների վերաբերողների), պետք է արժանանային տեղական ասամբլեայի հավանությանը:
Հնդկաստանի մյուս շրջանների բնակիչներն իրավունք չունեին հող գնել Քաշմիրում: Նահանգն ունի իր սեփական դրոշը, որը կարգավիճակով հավասար Է պետականին եւ այլն:
Ջամուում եւ Քաշմիրում՝ Հնդկաստանի միակ նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են մուսուլմանները, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին:
Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ չկա պաշտոնական սահման. երկու պետությունների բանակներին բաժանում Է հսկիչ գիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: