
Թուրքիան որոշել է 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում

Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։ Թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է 2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Առաջիկա ամիսներին տեղի կունենա նոր հիմնվելիք այդ ռազմաբազայի բացումը։ Նախատեսվում է, որ ռազմաբազայի բացումը կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հետաքրքրական է, որ Կատարում նոր ռազմաբազա հիմնելու Թուրքիայի որոշմանն արձագանքել է Սաուդյան Արաբիայի մամուլը։ Հրապարակվել են այդ թեմայով նյութեր հետևյալ վերնագրերով՝ «Կատարը Թուրքիայի գաղտնի օկուպացման տակ է», «Կատարը խոնարհվեց Էրդողանի օկուպացման առջև»։
Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր: 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայումն իրականացնելու համաձայնագիր, որը վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:
Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: