Ինդոնեզիայի նախագահը պաշտոնապես առաջարկեց երկրի մայրաքաղաքը տեղափոխել Կալիմանտան կղզի
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն օգոստոսի 16-ին խորհրդարանի առջեւ հանդես է եկել պետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի (Բոռնեո) տեղափոխելու պաշտոնական առաջարկությամբ: Այս մասին նա հայտարարել է հանդիսավոր ելույթի ժամանակ, որը նվիրված էր հանրապետության անկախության 74-րդ տարեդարձին:
Նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
«Ես ձեզանից թույլտվություն եմ խնդրում ազգային մայրաքաղաքը տեղափոխել Կալիմանտան (կղզի)»,- ասել է Վիդոդոն:
Նախագահը հավաքվածներին հավաստիացրել է, որ նոր մայրաքաղաքը ոչ միայն կդառնա ազգային ինքնատիպության խորհրդանիշը, այլեւ կցուցադրի Ինդոնեզիայի ժողովրդի առաջընթացը տնտեսական հավասարության եւ արդարության հասնելու նրա ձգտման մեջ:
Միեւնույն ժամանակ Ինդոնեզիայի ղեկավարն առայժմ հրաժարվել է բացահայտել, թե հատկապես որ քաղաքը կդառնա հանրապետության մայրաքաղաքը:
Ինդոնեզիայի կառավարությունն օգոստոսի 2-ին հաստատել է հանրապետության մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու պլանը: Ինդոնեզիայի իշխանությունները մայրաքաղաքի տեղափոխման նախագիծը գնահատել են 32,5 մլրդ դոլար:
Շինարարության սկիզբը պլանավորված է 2021 թվականին:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն ապրիլի վերջին առաջարկել էր մայրաքաղաքը տեղափոխել Ջակարտայի հնացած ենթակառուցվածքի պատճառով: Uber ընկերության ուսումնասիրության համաձայն, այս քաղաքում ավտովարորդները տարեկան 22 օր անցկացնում են խցանումների մեջ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Ասիայում: Բացի այդ, Inrix ընկերության զեկույցի համաձայն, Ինդոնեզիայի ներկայիս մայրաքաղաքը 12-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի առավել ծանրաբեռնված մեգապոլիսների վարկանիշում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: