Պորտուգալիայում ձերբակալվել է աշխարհի խոշորագույն զինավաճառը
Բելգիայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների համագործակցության շնորհիվ Պորտուգալիայի Էվորայի օկրուգում կալանավորել են բելգիացի զինավաճառ Ժակ Մեսիեին: Այս մասին հայտնել է Le Soir թերթի կայքը՝ վկայակոչելով դաշնային ոստիկանությունը:
Մեսիեն 2017 թվականին դատապարտվել էր 2006-2009 թվականներին Լիբիային, Չադին, Պակիստանին եւ Իրանին զենքի, զինամթերքի, տանկերի, ուղղաթիռների, ինքնաթիռների եւ այլ ռազմական տեխնիկայի մատակարարումների համար, ճշտել է հրատարակությունը: Այն ժամանակ նրան դատապարտել էին երեք տարվա բանտարկության եւ 300 հազար եվրո տուգանքի:
Մեսիեն բողոքարկել էր այդ դատավճիռը, սակայն 2018 թվականի հոկտեմբերին նա ավելի մեծ պատիժ էր ստացել՝ չորս տարվա բանտարկություն, իսկ տուգաքն ավելացվել էր մինչեւ 1,2 միլիոն եվրո: Նոր դատավճռից հետո Մեսիեն փախել էր Բելգիայից եւ թաքնվել Պորտուգալիայում, որտեղ էլ Բելգիայի դատարանի պահանջով ձերբակալվել է միջազգային կալանագրի հիման վրա: Շուրջ տասը տարի առաջ Մեսիեն նման գործունեության համար արդեն դատապարտվել էր ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում:
Մեսիեին համարում են աշխարհում զենքի խոշորագույն վաճառականներից մեկը: Ինչպես ավելի վաղ հայտնել է VTM ֆլամանդական հեռուստաալիքը, վերջին 35 տարում չի եղել զինված հակամարտություն, որում նա ներքաշված չլինի, հաղորդել է «Ինտերֆաքսը»: