
Վախճանվել է քիմիայի բնագավառում նոբելյան դափնեկիր Քերի Մուլիսը

Կյանքի 75-րդ տարում մահացել է ամերիկացի կենսաքիմիկոս Քերի Մուլիսը, որը Նոբելյան մրցանակ է ստացել ԴՆԹ-ի անալիզի պարզ եւ ոչ թանկ մեթոդի հայտնաբերման համար: Այդ մասին գրել է New York Times-ը:
Դափնեկրի կինը՝ Նենսի Քոսգրոուվ Մուլիսը, հրատարակությանը պատմել է, որ գիտնականը մահացել է օգոստոսի 7-ին Կալիֆոռնիայի Նյուփորտ Բիչ քաղաքի՝ իր տանը:
Մահվան պատճառը սրտի եւ շնչառական անբավարարությունն է թոքաբորբից հետո առաջացած բարդացումներից: 1993 թականին Մուլիսը Նոբելյան մրցանակը բաժանել է բրիտանացի գիտնական Մայքլ Սմիթի հետ:
Հետազոտողը հռչակվել է արտասովոր հայացքներով ու կենսաոճով: Ատենախոսության պաշտպանությունից հետո նա առժամանակ հեռացել է գիտությունից՝ գրողի գործունեությամբ զբաղվելու համար:
1998 թվականին հրապարակվել է քիմիկոսի ինքնակենսագրությունը՝ «Բանականության դաշտում մերկ պարողը», որտեղ, նա, մասնավորապես, ժխտել է կապը ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ-ի միջեւ, հաղորդել է Life-ը: