Կօգտագործվի՞ ուղիղ կապի հնարավորությունները՝ հայ զինվորին հայրենիք վերադարձնելու համար. պարզաբանում է վարչապետի խոսնակը

Օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Այս մասին տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ, մասնավորապես՝ նշելով, որ հայ զինծառայողն ինքնակամ է հատել սահմանը և հանձնվել իրենց։

Դեպքից անմիջապես հետո Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ Արցախի իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի հայ զինծառայողին վերադարձնեն հայրենիք։

Դեպքի առթիվ հայտարարություն տարածեց նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ դատապարտելով հայ զինվորին հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելու՝ Ադրբեջանի քայլերը։

Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այս առնչությամբ ասել էր.

«Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը բավական զգայուն է: Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է»:

168.am-ը ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց` արդյոք վարչապետն օգտագործե՞լ է կամ օգտագործելո՞ւ է Ալիևի հետ ուղիղ կապի հնարավորությունը հայ զինվորին հայրենիք վերադարձնելու համար։

«Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները հայ զինվորի հնարավորինս արագ վերադարձն ապահովելու համար»,- ասաց նա։

Մեր ճշգրտող հարցին՝ այսինքն՝ կօգտագործվի՞ ուղիղ կապի հնարարավորությունը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ես արդեն նշեցի, որ բոլոր տարբերակները կօգտագործվի»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031