«Եթե ոմանք դրանից դիսկոմֆորտ են զգում, դա չի նշանակում, որ վարչապետը չի շարունակելու այս գործելաոճը». Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պաբերաբար հրապարակում է վիճակագրական ցուցանիշներ, որոնք դրանց ամփոփման ու հանրայնացման համար պատասխանատու ՀՀ վիճակագրական կոմիտեն, ՊԵԿ-ը կամ որևէ այլ կառույց դեռևս չեն հրապարակել։ Քննադատություններ են հնչում, որ վարչապետն իրավունք չունի նախապես նման ցուցանիշներ հրապարակել, քանզի դա կարգի խախտում է։
168.am-ը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վարչապետը պատկան մարմիններից առաջ հրապարակում այդ ցուցանիշները, ու արդյո՞ք դա կարգի խախտում չէ։
«Ի՞նչ կարգ կարող է լինել, որ դրա խախտում լինի։ Մարդն ուզում է` հրապարակում է։ Վարչապետը վերականգնել է ժողովուրդ-կառավարություն հետադարձ կապը, որ բացակայում էր, և հնարավորինս օպերատիվ հաղորդակցվում է իրեն ընտրած և չընտրած մարդկանց հետ, կապ է ապահովում։ Եթե ոմանք դրանից դիսկոմֆորտ են զգում, դա չի նշանակում, որ վարչապետը չի շարունակելու այս գործելաոճը։ Իսկ կարգի վերաբերյալ խոսք չի կարող լինել։ Ինքը հրապարակում է տվյալներ, և ավելի լավ, որ կառավարական մարմիններից մեկը, իսկ այս պարագայում ամենաբարձր օղակը՝ վարչապետը, ներկայացնում է ցուցանիշներ՝ ի լուր ժողովրդի»,- ասաց Վ.Կարապետյանը։
Նա նշեց, որ տվյալները, որոնք հրապարակում է Նիկոլ Փաշինյանը, վարչապետին ենթակա մարմինների տրամադրած ցուցանիշներն են, մասնավորապես՝ Վիճակագրական կոմիտեն վարչապետին ենթակա պաշտոնական մարմին է, և Ն.Փաշինյանի հրապարակումները չեն կարող ցուցում լինել.
«Մեծ ֆանտազիա է պետք ունենալ, որ նման հայտարարությունները համարել ցուցում ենթակա մարմնին, որովհետև ցուցում անելու, հատկապես նախկինում պաշտոն ունեցող մարդկանց համար, հայտնի եղանակներ կան»։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ վարչապետն իրավունք չունի ասելու վիճակագրական ցուցանիշներ, որոնք դեռևս հրապարակված չեն։
«Չկա լիազորություն մակրոտնտեսական թվեր հայտարարելու։ Նա դրանով ուղղորդում է վիճակագրական մարմիններին, մինչդեռ ընդամենը պետք է ցիտի նրանց»,- ասել էր Հ.Բագրատյանը։