Թեհրանում հայտարարել են, որ «Իրանի թշնամիները» պետք է հնարավորինս շուտ հեռանան Պարսից ծոցից

Թշնամական ուժերը պետք է հնարավորինս շուտ հեռանան Պարսից ծոցի տարածաշրջանից: Այս մասին հայտարարել է իրանական բանակի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին:

«Թշնամիները պետք է հնարավորինս արագ հեռանան այդ տարածաշրջանից (Պարսից ծոց), այլապես նրանք ստիպված կլինեն նվաստացուցիչ կերպով նահանջել»,- Խանզադիի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը: Նա հավելել է, որ «տարածաշրջանում թշնամիներն են՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Իսրայելը»:

Նրա խոսքով՝ «երկերեսանիության եւ կեղծ բարեպաշտության ժամանակը Պարսից ծոցում եւ Օմանի նեղուցում անցել է»:

«Այսօր տարածաշրջանի երկրները, ինչպես երբեք, գիտակցում են իրենց շահերը»,- հավելել է ՌԾՈւ-ի հրամանատարը:

Իրադրությունը Պարսից ծոցի տարածաշրջանում սրվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի նեղուցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի ունեցան պայթյուններ եւ հրդեհներ: ԱՄՆ-ը միջադեպի պատասխանատվությունը դրեց Իրանի վրա, նրան պաշտպանեցին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Թեհրանն այդ մեղադրանքները չի ընդունել: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հունիսի վերջին հայտարարել է, որ Վաշինգտոնը կոալիցիա է ստեղծում Պարսից ծոցի գոտում նավագնացության ազատությունն ապահովելու նպատակով:

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին պետքարտուղար Մայքլ Փոմպեոն առաջարկել է կոալիցիայում ներգրավել տարբեր տարածաշրջանների պետությունների: Նախաձեռնությունը պաշտպանել է Մեծ Բրիտանիան: Օգոստոսի 6-ին կոալիցիային մասնակցելու իր պատրաստակամությունը հաստատել է Իսրայելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս