Գեներալ Քոթանջյանը կոչ է անում համազգային օրակարգ վերադարձնել «Ազգ-Բանակ» ռազմավարությունը
news.am-ի խմբագրության տրամադրության տակ է հայտնվել պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի պատվավոր նախագահ Հայկ Քոթանջյանի նամակը, ուղղված Հայաստանի մի շարք պետական և քաղաքական գործիչներին, կուսակցությունների ներկայացուցիչներին, գիտնականներին և փորձագետներին, որում կոչ է արվում «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ռազմավարությունը և դրա իրագործման ծրագրերը պաշտոնապես վերադարձնել Հայաստանի Հանրապետության համազգային օրակարգ: Նամակում մասնավորապես նշվում է․
«Հայության անվտանգության շուրջ համազգային համախմբման հրամայականը պահանջում է այս խնդրի լուծմանն ուղղված «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ռազմավարությունը և դրա իրագործման ծրագրերը պաշտոնապես վերադարձնել Հայաստանի Հանրապետության համազգային օրակարգ: Հույժ կարևոր է այն հանգամանքը, որ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ»-ի կիրառման մեկնարկը Աշխարհի Հայությունը իր բոլոր հատվածներում զանգվածաբար ընդունել է որպես հայ ժողովրդի հավաքական ներուժի զարգացմանը նպատակաուղղված Աշխարհի Հայության համազգային համախմբման ռազմավարություն»:
Նամակի հեղինակը հասցեատերերին է ներկայացնում Պաշտպանական Ազգային Հետազոտական Համալսարանում Խելացի ուժի մակարդակով ստեղծված «ԱԶԳ-ԲԱՆԱԿ»-ի ռազմավարական պայուսակի ոչ գաղտնի նյութերը, որոնց մշակումներում հաշվի են առնվել հրեության համազգային անվտանգության ապահովման համակարգի անընդհատ զարգացման դասերը՝ Հայաստանի, Արցախի և Հայոց Սփյուռքի յուրահակությանների համատեքստում:
Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը հռչակվել է 2016 թվականի հոկտեմբերին որպես համազգային ծրագիր։