
Վրաստանում բելառուսցի երկու կին զբոսաշրջիկ է զոհվել

Վրացի փրկարարներն ինտենսիվ որոնումների շնորհիվ գտել են Սվանեթի լեռներում կորած բելառուսցի զբոսաշրջիկ կանանց. նրանցից երկուսը զոհվել են, մեկը տուժել է եւ գտնվում է ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
«Փրկարարները Թեթնուլդ լեռան վրա գտել են բելառուսցի կորած զբոսաշրջիկ կանանց: Երկուսը զոհվել են, երրորդը տուժել է: Առկա տեղեկատվության համաձայն՝ տուժածի առողջական վիճակը ծանր է»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Դրանում նշված է, որ փրկարարները որոնումներն սկսել են օգոստսի 14-ի երեկոյան օտարերկրացիների կորելու մասին ծանուցումն ստանալուն պես: Օգոստոսի 15-ի առավոտյան որոնումների գործընթացին միացել է Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը: Առկա տեղեկատվությամբ՝ երկու կորածները եղել են մոտ 60, իսկ երրորդը՝ 36 տարեկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: