Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը օգոստոսի 14-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական դինամիկան՝ համոզմունք հայտնելով, որ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այս այցն առավել կնպաստի հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդմանը և երկրների միջև առավել ընդլայնված համագործակցության հաստատմանը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում։ Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ կողմերն առանձնացրին առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները: Այս համատեսքտում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու ոլորտների անմիջական պատասխանատուների միջև շփումների ակտիվացման հարթակներ ձևավորելու ուղղությամբ:

ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրեցին միջազգային հարթակներում առկա սերտ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը:

Երկկողմ օրակարգի խթանման համատեքստում մեծապես կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության հարթակի ներուժի լիարժեք կիրառումը և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Նախարար Մնացականյանը և Նին Նովոան առանձնահատուկ ընդգծեցին Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեցած հայ համայնքի դերը՝ որպես երկու երկիրն իրար առավել մերձեցնող ամուր կամուրջ:

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը՝ առավոտյան, Ուրուգվայի արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեսանյութեր

Լրահոս