«Վարչապետն ի վիճակի չէ երկրի զարգացման հայեցակարգային լուրջ գործունեություն իրականացնել». Արմեն Բադալյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպումը, որը հեռարձակվեց Փաշինյանի ֆեյսբուքյան էջում, քննարկումների առիթ դարձավ: Հիմնականում նրանց մեղադրեցին աշխատելու փոխարեն՝ շոու կազմակերպելու և սեփական անկարողությունը նախորդների վրա բարդելու փորձեր կատարելու մեջ:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը երկու մոտեցումներն էլ ճիշտ է համարում: «Դա ամբողջովին շոու էր, և, այո՛, սեփական անկարողությունը նախկին իշխանությունների վրա բարդելու գործընթաց էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով՝ իրականում, Երևան քաղաքն ավելի լուրջ խնդիրներ ունի, քան աղբահանության հարցն է, ուղղակի աղբահանությունը բոլորի աչքի առաջ է, դրա մասին են շատ խոսում:

«Մենք այս մեկ տարվա ընթացքում տեսանք, որ քաղաքապետն ի վիճակի չէ Երևանի զարգացման ծրագիր և հայեցակարգ ներկայացնել: Տպավորություն է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը վերածվել է Երևանի գլխավոր հավաքարարի պաշտոնի, և ստացվում է, որ անցած տարի ոչ թե Երևանի քաղաքապետ են ընտրել, որպեսզի Երևանի զարգացման հայեցակարգ ներկայացնի, այլ ընտրել են Երևանի գլխավոր հավաքարարին, որը չի կարողանում իր պարտականությունները կատարել: Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի և քաղաքապետի քննարկումը բամբասանքի մակարդակի էր.

«Վարչապետը սկզբից փորձում էր ցույց տալ, որ աղբահանության խնդրից տեղյակ չէ, բայց հետո նախկին պաշտոնյաներից մեկի եղբորն էր ակնարկում, չնայած որևէ լուրջ քրեական գործ այդ ուղղությամբ չի հարուցվել, որևէ մեղադրանք չի առաջադրվել: Այսինքն՝ բամբասանքի մակարդակով քննարկում էր իրականացվում: Այս հանրահավաքային ոճն իրենց աշխատելաոճն է բոլոր բնագավառներում: Եթե ուշադրություն դարձրել եք՝ վարչապետն ուղղակի սիրում է միտինգում ելույթ ունենալ, ոչ ավել: Նա ի վիճակի չէ երկրի զարգացման հայեցակարգային լուրջ գործունեություն իրականացնել: Նա հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ին լինելու է Լոս Անջելեսում ու այնտեղ մեծ ելույթ է ունենալու, մենք տեսանք Ստեփանակերտում իր ելույթը: Այսինքն՝ ինքը հանրահավաքային գործիչ է, դա նրա ոճն է: Եվ, բնականաբար, բոլոր ենթականերն էլ այդ ոճն են ընդունում, որովհետև ուրիշ ցույց տալու բան չունեն»:

Բադալյանը հիշեցրեց հին հռոմեական ասացվածքը՝ հաց և տեսարաններ, և ընդգծեց՝ հացը չկա, իշխանությունները տեսարաններն են ապահովում.

«Վարչապետը չի կարողանում հացն ապահովել, որովհետև ներդրումներ չկան, արտաքին քաղաքականության մեջ լուրջ նվաճումներ չկան, ներքին քաղաքականության մեջ հայեցակարգային մոտեցումներ չեն դրսևորվում, հայեցակարգ չկա, և ստիպված տեսարանի մասն են ապահովում»:

PR-ի առումով ևս, ըստ քաղտեխնոլոգի՝ դա անհաջող քայլ էր. «PR-ն ինքնին զուտ տեսարանը չէ, այն իմաստալից է, այսինքն՝ կարևոր է քաղաքական գործունեությունը, որի PR-ն անում ես: Բովանդակությունն է կարևորը, որը պետք է կարողանաս գեղեցիկ ներկայացնել: Շատ դեպքերում լավ բովանդակությունը վատ են ներկայացնում, այդպես լինում է, բայց անբովանդակ ներկայացումը միշտ չէ, որ հաջողություն է բերում: Տվյալ դեպքում բովանդակություն չկա, բայց կա փոքր հաջողություն, որը դեռ էյֆորիայի մեջ գտնվող լսարանի համար է:

Լսարանի մի մասի վրա, որը ֆանատիկորեն հավատում է այս իշխանություններին, գերազանց ազդեցություն է թողնում, ասում են՝ տեսաք, նախկինում այդպես չէր, բայց հիմա խոսում են: Դա այն զանգվածն է, որը քաղաքականապես ոչ ակտիվ է: Բայց շատ ավելի մեծ զանգվածի վրա՝ ավելի գիտակից մասի վրա, սա կամ զրոյական, կամ բացասական ազդեցություն է թողնում: Մարդիկ ասում են՝ էլի շոու են անում՝ աշխատելու փոխարեն. այս արտահայտությունն արդեն ամեն ինչ ասում է»:

Տեսանյութեր

Լրահոս