Բացահայտվել են գազի բալոնի գողություններ Նոր Նորքի տարածքում
Օգոստոսի 12-ին, ժամը 05.35-ին, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Մինսկի փողոցի իրենց բակում կայանված «Օպելի» դռան ապակին կոտրել ու բեռնախցիկից գողացել են գազի բալոնը:
Ժամը 05.50-ին նույն փողոցի մեկ այլ բնակիչ հաղորդում է տվել, որ մեկուկես ժամ առաջ բակում կայանված «Օպելի» դռան ապակին կոտրել ու փորձել են կատարել գողություն, սակայն իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Ժամը 09.53-ին հաղորդում է ստացվել արդեն Վիլնյուսի փողոցի բնակչից: Նա հայտնում էր, որ գիշերը կոտրել են բակում կայանված «Օպելի» դռան ապակին և սրահից գողացել ձայնարկիչը:
Նոր Նորքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է այլ գողություն կատարելու համար օգոստոսի 13-ին բերման ենթարկված 31-ամյա տղամարդը, որը տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ նա փորձել է գողանալ նաև Լյուքսեմբուրգի փողոցի մի շենքի բակում կայանված «Օպելի» գազի բալոնը:
Նախապատրաստվում են նյութեր: