Աթամբաևին նոր մեղադրանքներ են առաջադրվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանքներ են առաջադրվել եւս երկու քրեական գործով: Այդ մասին հայտնել է 24.kg-ն: Փաստաբան Սերգեյ Սլեսարյովի տվյալներով՝ նոր մեղադրանքները վերաբերում են Բիշքեկի ջերմաէլեկտրակենտրոնի արդիականացման եւ այն շենքի սեփականացման հետ կապված քրեական գործերին, որտեղ գտնվում Էր պետության նախկին ղեկավարի գրասենյակը:
Ինչպես նշել է իրավաբանը, նոր գործերի հիմքում ընկած են այն եզրակացությունները, որոնք տեղ են գտել խորհրդարանական հանձնաժողովի եզրակացության մեջ, որը ձայների մեծամասնությամբ հաստատել են Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Աթամբաեւին առաջադրվել են սպանության եւ առանձնապես ծանր այլ հանցագործությունների մեղադրանքներ: Բացի սպանությունից, պետության նախկին ղեկավարին մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, պատանդներ վերցնելու եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Նրան սպառնում է ցմահ ազատազրկում: