«Հայրապետովին կհրավիրենք դատարան ու կպարզենք՝ Արցախից զինվոր բերվե՞լ է, թե՞ոչ». Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ BBC-ի հրապարակած հայտնի հոդվածում հնչել են որոշակի հանգամանքներ, որոնք այսօր ակտիվորեն օգտագործվում են՝ ի վնաս Ռոբերտ Քոչարյանի։

«Ինչ վերաբերում է Արցախից Երևան զինված ուժեր բերելու պնդումներին, ապա պետք է ասեմ, որ այստեղ կան հանգամանքներ, որոնք հաշվի առնելով, երբ Առաջին ատյանի դատարանում սկսվեց հրապարակային դատավարություն, մենք միջնորդել էինք, որպեսզի դատավարության մեկ հատված իրականացվի դռնփակ, որը տևեց մեկ ժամ։ Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ, որովհետև պետք է քննարկվեր մեր փաստարկները՝ կապված Արցախից իբրև զորք բերելու հետ։

Մենք պետք է ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է դառնային հրապարակային քննարկման առարկա։ Երբ տեղի ունեցավ այդ դռնփակ դատական նիստը, մեր բերված փաստարկների հետ համաձայնեց նաև դատախազությունը։ Երբ մենք այդ փաստարկները ներկայացրինք, դատախազության մոտ փաստարկներ չկար։ Այս պահին այդ հարցին ցավոք, հրապարակայնորեն չեմ կարող պատասխանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ այս ամենից հետո Դատախազությունը և ՀՔԾ-ն, չունենալով այդ հարցի հետ կապված իրական փաստարկ, որը կարող էին իրենց անունից հրապարակել՝ դիմել են նման մեթոդների՝ հեռուստաալիքին տվել են  նյութերից ընտրված ինչ-որ հատվածներ, ինչն էլ այդ հեռուստաալիքին հնարավորություն է տվել կամայական մեկնաբանություններ անելով՝ հրապարակել հոդված։

«Այդ հոդվածում դրվագ կար, որ Արցախից զորք է բերվել և տեղակայվել է նախագահական նստավայրում։ Այսօր, փառք Աստծո, կա շատ լավ հնարավորություն այդ հանգամանքը ճշտելու։ Եթե կարծում եք, որ ճիշտ են ասում, ապա կարող եք ստուգել պետական պահպանության ծառայության ղեկավար Հայրապետովից, որն այդ ժամանակ նախագահականում ծառայություն էր իրականացնում։ Նրանից կարող եք այդ ամենը հարցել, մինչև մենք իրեն դատարան կհրավիրենք և այդ հարցերը դատարանում կտանք»,- նշեց Հ. Ալումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս