Բաժիններ՝

Ժամանակավորապես դադարեցվել է ներմարզային երթուղին սպասարկող ՊԱԶ մակնիշի ավտոբուսի շահագործումը

Քաղաքացու կողմից ներկայացրած բողոքի հիման վրա,  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները Սևան-Գավառ-Սևան ներմարզային երթուղին սպասարկող ավտոբուսի շահագործման անվտանգության և սպասարկման դիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացրել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, արդյունքում պարզվել է, որ Գավառ-Սևան-Գավառ ներմարզային երթուղու սպասարկումն իրականացնող «Գավառտրանս» ՍՊ ընկերությունը՝ երթուղին սպասարկող ՊԱԶ մակնիշի 0342L ավտոբուսի հետ միաժամանակ, շահագործում է 1989 թ. արտադրության և երթուղու սպասարկման մրցույթ չանցած, վերջին անգամ 2017 թ. տեխնիկական զննություն անցած, արտաքին տեսքից անմխիթար վիճակում գտնվող ՊԱԶ մակնիշի 2272L ավտոբուս:

Այն ներառված չէ եղել Գեղարքունիքի մարզպետարանի կողմից՝ Տեսչական մարմնին ներկայացված ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների ցանկում:

Բացի այդ, քաղաքացին բողոքում էր նաև ավտոբուսի վրա տեղակայված գազաբալոնների ամրացման և շահագործման անվտանգությունից: Այս առնչությամբ նշենք, որ Տեսչական մարմնի համապատասխան մասնագետների կողմից՝ ավտոբուսների ներքին և արտաքին զննությամբ պարզվել է, որ գազաբալոնները պատշաճ ամրացված են, և սրահի ներսում գազի արտահոսք չի կարող լինել:

Հաշվի առնելով տրանսպորտային անվտանգության օրենսդրության պահանջների խախտման փաստը՝ տեսչական մարմնի կողմից դադարեցվել է ՊԱԶ մակնիշի 2272L պետհամարանիշի ավտոբուսի շահագործումը: Երթուղին սպասարկող ընկերությանը տրվել է ժամանակ, որպեսզի վերականգնի մրցույթով ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, այլապես, օրենքով սահմանված կարգով, կենթարկվի վարչական պատասխանատվության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս