Մահացել է բանաստեղծ, թարգմանիչ Արտակ Ոսկանյանը
Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արտակ Ոսկանյանը: Այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:
1962 թ. ավարտել է ՀՊՄԻ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ 1964-1970 թվականներին աշխատել է որպես «Գիտություն և տեխնիկա» ամսագրի ֆիզմաթ գիտությունների բաժնի, «Գարուն» ամսագրի գիտության բաժնի վարիչ, «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիր։ Հետագա տարիներին եղել է Հայկական հանրագիտարանի խմբագրության վարիչ, գլխավոր խմբագրի տեղակալ, ԽՍՀՄ գրական ֆոնդի հայկական բաժանմունքի տնօրեն, «Սովետական գրող» հրատարակչության մանկա-պատանեկան գրականության բաժնի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1990 թվականից վարել է «Անահիտ», 2006 թվականից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրենի, 2003 թվականից՝ Օքրո Օքրոյանի անվան գրական հիմնադրամի նախագահի պաշտոնները։
1967 թվականից սկսած հրատարակել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2008) թատերագիտական էսսեն։ Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից։
Արտակ Ոսկանյանի՝ հարգված գրողի, ճանաչված մշակութային գործչի հիշատակը վառ կմնա նրա գրչակից ընկերների, բոլոր նրան ճանաչողների ու մտերիմների, ընթերցողների սրտերում։
Արտակ Ոսկանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի
16-ին, ժամը 18.00-ից, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ օգոստոսի 17-ին, նույն վայրից։