«Այս խորը չմշակված գաղափարը մեզ կարող է շատ խորը փակուղիների մեջ մտցնել». Ալումյանը՝ Մարտի 1-ի ժամանակ տուժածներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ

Պետությունն աջակցություն կցուցաբերի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին։ Օգոստոսի 8-ին Կառավարության նիստում սահմանվեց նրանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:

168.am-ը Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց, այս ամենը կարո՞ղ է ազդել «Մարտի 1»-ի գործի ընթացքի վրա։

«Դեմ չեմ, որ լինի փոխհատուցում, եթե պետությունը որևէ մեկին պատճառել է ֆիզիկական կամ բարոյական վնաս, ապա վատ չէ, որ ունի օրենք, որով այդ մարդուն պետք է հատուցի։ Սա ընդհանրապես վատ չէ: Վատ է, երբ այդ ամենն արվում է ընտրովի, օրինակ՝ ինչո՞ւ միայն մարտի 1-ի դեպքերը, այստեղ կարող են խտրականության հետ կապված խնդիրներ առաջանալ։ Եթե պետությունը հասկանում է, որ որևէ մեկին վնաս է պատճառել և դրա դիմաց պետք է հատուցում տա, ապա ինչո՞ւ է դա հասկացել, երբ խոսքը մարտի 1-ի դեպքերի մասին է և ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չի առաջնորդվում, եթե խոսքը, օրինակ, Սարի թաղի դեպքերի մասին է կամ Իջևանի։ Խնդիրը ոչ թե այդ մարդկանց փոխհատուցելու հետ է կապված, այլ, թե ինչու միայն այդ մարդկանց պետք է փոխհատուցեն»,- ասաց Հայկ Ալումյանը։

Ըստ նրա՝ այս հարցում պետք է լավ կողմնորոշվեն՝ պետությունը հատուցում է տրամադրում միայն այն դեպքում, երբ համարում է, որ տվյալ անձին պատճառվել է վնաս՝ պետությո՞ւնն է մեղավոր եղել, թե՞ բոլոր դեպքերում պետք է հատուցի՝ անկախ այն հանգամանքից, թե ով է մեղավոր եղել։

«Եթե պետությունը բանաձևը դնում է այնպես, որ ինքը բոլոր դեպքերում պետք է հատուցի՝ անկախ այն հանգամանքից, թե ով է մեղավոր եղել, ապա այսպես մենք կարող ենք շատ հեռուն գնալ։ Իսկ եթե պետությունը հատուցում է միայն այն դեպքում, երբ պետությունը մեղավոր է եղել, ապա այդ դեպքում կառաջարկեի, որպեսզի սպասեին, մինչև կպարզվի, թե «Մարտի 1»-ի գործով, ի վերջո, ով է մեղավոր։

Այսինքն՝ մինչև հատուցում տրամադրելը, պետք է դատավորություն լինի, որպեսզի պարզեն, թե ով է մեղավոր յուրաքանչյուրի դեպքում՝ պետությո՞ւնը, թե՞ տվյալ անձը։ Այս խորը չմշակված գաղափարը մեզ կարող է շատ խորը փակուղիների մեջ մտցնել»,- շեշտեց փաստաբանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս