
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի անտառային տարածքներից մեկու դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքների մեջ ներգրավվել են շուրջ 100 հրշեջ, 2 ուղղաթիռ և տասնյակ համապատասխան մեքենաներ։ Մարման աշխատանքներին մասնակցում են նաև տեղի բնակիչները։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքական աղբյուրը, հղում անելով հրշեջ ծառայության հայտարարությանը, նշում է, որ եթե եղանակային պայմանները չվատանան, ապա հրդեհը հնարավոր կլինի մարել մինչև վաղը:
Նախօրեին էլ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի անտառներում և գյուղատնտեսական տարածքներում խոշոր հրդեհներ են բռնկվել։ Հրդեհի օջախներից 15-ը եղել են անտառներում, իսկ 12-ը՝ գյուղատնտեսական նշանակության տարածքներում։ Ներկայացվում է, որ հրդեհների պատճառը չափազանց շոգ եղանակն է։