
Հնդկաստանը մասնակիորեն հանել Է Ջամուում և Քաշմիրում մտցված սահմանափակումները

Սահմանափակումները, որոնք Հնդկաստանի կառավարության կողմից մտցվել Էին Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում, մասնակիորեն հանվել են: Այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Մունիր Խանը, որի ելույթը հեռարձակել է NDTV հեռուստաալիքը:
«Ջամուում եւ Քաշմիրում իրավակարգի պահպանության հետ կապված իրադրությունը լիովին վերահսկվում է: Դպրոցներն ու մյուս հաստատություններն աշխատում են բնականոն ռեժիմով»,- տեղեկացրել է Մունիր Խանը:
Սահմանափակումների վերացումը վերաբերում է առաջին հերթին Ջամու քաղաքին, սակայն «Քաշմիրի հարթավայրի տարածքում մի քանի սահմանափակիչ միջոցներ ուժի մեջ կմնան խաղաղության պահպանման համար»,- ասել է նա:
Ավելի վաղ լրացուցիչ 8 հազարից ավելի զինծառայողներ էին մտցվել տարածաշրջան: Իշխանություններն անջատել էին շարժական կապը, ինտերնետը եւ մալուխային ցանցերը, ինչպես նաեւ պարետային ժամ էին սահմանել: Ոստիկանությունը կալանքի տակ էր վերցրել մի շարք հայտնի քաղաքական գործիչների:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել է Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու եւ այս տարածաշրջանում երկու միութենական տարածք (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը) ստեղծելու որոշման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: