
Կապան-Գորիս ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած

«911» ծառայությունը օգոստոսի 14-ին, ժամը 00:38-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ս., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին։ Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: