Բաժիններ՝

Սելինջերի գրքերն առաջին անգամ մատչելի կլինեն թվայնացված

Little, Brown and Company հրատարակչությունը, որը շատ տարիներ հրատարակել է Ջերոմ Դավիթ Սելինջերի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը, հայտարարել է, որ նրա երկերն էլեկտրոնային տեսքով մատչելի կլինեն, տեղեկացնում է BBC-ին:

Գրողի որդին՝ Մեթ Սելինջերը, պարզաբանել է, որ այդ որոշումը կապված է էլեկտրոնային գրքերի տարածվածության, ինչպես նաեւ այն բանի հետ, որ սահմանափակ հնարավորություններով որոշ մարդիկ կարող են ընթերցել միայն այդպիսի գրքեր:

«Քիչ բաներ գոյություն ունեին, որոնք հայրս սիրում էր ավելի, քան թղթե գրքի ընթերցման շոշափողական զգացողությունները, բայց իր ընթերցողներին նա սիրում էր ավելի շատ»,- ասել է նա: Այժմ էլեկտրոնային տեսքով կարելի կլինի կարդալ ոչ միայն «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գործը՝ գրողի միակ եւ ամենահայտնի վեպը, այլեւ «Ինը պատմվածք» ժողովածուն, ինչպես նաեւ պատմվածքներ Գլասի ընտանիքի մասին շարքից՝ «Ֆրենկին եւ Զուին», «Փայտամածից բարձր, ատաղձագործներ» եւ «Սիմոր. ներածություն» պատմվածքները:

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը՝ դեռահաս Հոլդեն Քոլֆիլդի ապրումների եւ զգացմուքների մասին, հրատարակվել է 1951 թվականին եւ ապշեցուցիչ հաջողություն ունեցել ամբողջ աշխարհում: Այդ գիրքը գրատպության պատմության մեջ առաջատարներից մեկն է դարձել տպագրված օրինակների քանակով եւ մինչ օրս մնում է ամենապահանջված գրական ստեղծագորությունների թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս