Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարող են պաշտոնական բանակցություններ սկսվել СУ-35-երի գնման հարցով
Ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչների ծրագրում Թուրքիայի մասնակցությունը կասեցվելուց հետո թուրքական մամուլում շարունակում են քննարկել, թե Անկարան ինչ այլընտրանքային տարբերակներ կարող է ունենալ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական մամուլի՝ նման տարբերակներից են ռուսական «СУ-35» նոր սերնդի մարտական օդանավերը:
Թուրքական «Yeni akit» իշխանամետ թերթը գրում է, որ ռուսական կործանիչները Թուրքիային վաճառելու պատրաստակամության մասին խոսում են նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաները։ Այդ պաշտոնյաներից է մասնավորապես Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը։
Աղբյուրը նշում է, որ վերջին զարգացումներից հետո Թուրքիան օդուժի ամրապնդման տեսանկյունից աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես հիմա տեղի է ունենում Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող կործանիչների արդիականացում, երկարացվում է դրանց շահագործման ժամկետը։ Բայց այդ միջոցներ են ձեռնարկվում թուրքական TFX ինքնաթիռների արտադրության աշխատանքներն արագացնելու ուղղությամբ։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերության գլխավոր վարչությունը հրահանգել է զինված ուժերի կառույցներին ուսումնասիրել և մասնագիտական գնահատական տալ ռուսական այդ ինքնաթիռների ձեռքբերման տարբերակին։
«Եթե գնահատականը դրական լինի, ապա Ռուսաստանի հետ պաշտոնապես կսկսվեն գնման բանակցություններ»։