Բաժիններ՝

Բավարարվել է պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքը․ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի համակարգային լուծման համար նախագիծ է մշակել

Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացրած բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել էր բողոքի քննությանը՝ որպես կողմ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործարար կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած մրցույթի արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։

Գործարարների իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը որպես կողմ մասնակցել էր գնումների հետ կապված բողոքի քննությանը։

Կարևորելով գնումների կազմակերպման գործընթացում պետական մարմինների կողմից որոշակիության և հստակության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը՝ Պաշտպանի աշխատակազմում մշակվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է գնումների գործընթացում հայտերի բացման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում անհամապատասխանություններ արձանագրվելու պարագայում մասնակցին այդ մասին տեղեկացնելիս հստակ նշել, թե կոնկրետ որ հարցին է վերաբերում անհամապատասխանությունը։

Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ պետության անհամաչափ միջամտության կանխման, գործարար միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս