
Խավիեր Բարդեմը պաշտպանել է Իսպանիայի ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին

Իսպանացի դերասան Խավիեր Բարդեմը պիրենեյան թագավորության իշխանություններին կոչ է արել Եվրամիության երկրներին համոզել բաշխելու Proactiva Open Arms ոչ կառավարական կազմակերպության նավի միգրանտներին։
Անօրինական միգրանտներով նավն արդեն ավելի քան 10 օր սպասում է թույլտվության, որպեսզի նրանց իջեցնի որեւիցե երկրի նավահանգստում: Կազմակերպությունը Twitter-ում տարածել է տեսագրություն, որտեղ Բարդեմն իր պաշտպանությունն է հայտնում Open Arms-ի անձնակազմին եւ միգրանտներին:
Այս պահին նավում գտնվում է ավելի քան 150 միգրանտ: Ավելի վաղ դերասան Ռիչարդ Գիրն անձամբ է մթերք հասցրել միգրանտներին: 50-ամյա Խավիեր Բարդեմն «Օսկար» մրցանակի դափնեկիր է երկրորդ պլանի տղամարդու դերի համար: Նրա կինը հայտնի դերասանուհի Պենելոպա Կրուսն է:
Բարդեմի հաշվին կան տասնյակ ֆիլմեր, որոնց թվում կարելի է առանձնացնել «Կենդանի մարմին» (Carne tremula, 1997), «Վիկի Քրիստինա Բարսելոնա»(Vicky Cristina Barcelona, 2008), «Էսկոբար»(Loving Pablo, 2017) եւ այլ կինոնկարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: